27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում թատրոն փակելու ոչ մի ցանկություն կամ կամք չկա․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ-ում թատրոն փակելու ոչ մի ցանկություն կամ կամք չկա․ ԿԳՄՍ փոխնախարար

Ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանն է Հայաստանում։ Դեկտեմբերի 5-ից 6-ը Սունդուկյանում բեմադրվելու է «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Աբգարյանի՝ Հայաստան կատարած այցի կարևորության, հայկական թատրոնի, դրա զարգացման մասին խոսեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Այդ ընթացքում Սունդուկյան թատրոնի հարևանությամբ՝ «Գոյ» թատրոնի մոտ շարունակվում էր նույն թատրոնի անձնակազմի նստացույցը։ 2 շաբաթից ավելի ընթացող նստացույցին զուգահեռ շարունակվում են դատական նիստերը, որոնք դեռ արդյունքը չեն տալիս։

ABC media-ն Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանից փորձեց ճշտել՝ ՝ «Գոյի» ճակատագիրն ինչպե՞ս են պատկերացնում։

«Կապի մեջ եմ «Գոյի» անձնակազմի հետ։ Երկու շաբաթ առաջ նրանց ընդունեցի նախարարությունում, ահագին զրուցեցինք, նոր առաջարկներ արվեցին, վերջին մեկ տարվա ընթացքում շատ առաջարկներ են եղել, որոնք նրանք չեն ընդունել։ Մեկ տարուց ավելի է ես ինքս անձամբ ղեկավարում եմ «Գոյի» հետ բանակցությունները։ Մեր վերջին առաջարկներից մեկի շուրջ համաձայնության եկանք։ Հիմա աշխատում ենք, որպեսզի կատարենք»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Դանիել Դանիելյանը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ առաջարկի շուրջ են համաձայնության եկել։

«Կարծում եմ, հենց պահը գա՝ կիմանաք։ ՀՀ-ում թատրոն փակելու, կամ ինչ-որ խումբ փակելու ոչ մի ցանկություն, ոչ մի կամք չկա»,-ասաց նա։

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ վստահեցրեց՝ թատրոն փակելու մասին խոսք չկա։

«Ստեղծագործության ազատության մասին, ստեղծագործելու մասին երբեք խոսք չի եղել։ Նախ եղել է հայտնի՝ միավորման որոշումը, միասնաբար ստեղծագործելու մասին է եղել խոսքը, որը մերժվել է։ Այսօր մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ոչ թե ստեղծագործելու մասին է խոսքը, այլ ամբիցիայի։ Այդ պատճառով հարցը գտնվում է իրավապահ տիրույթում։ Ստեղծագործելու տիրույթում մենք միշտ առաջարկներ արել ենք։ Ամբիցիաները, որպես կանոն, գնում են դատարան, և մենք չենք գնացել դատարան»,-ասաց Մկրտչյանը։

Նստացույց իրականացնող «Գոյի» անձնակազմին այցելել է Սիմոն Աբգարյանը, գոյեցիները հանդիպման էին կանչել նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին, սակայն վերջինս չի այցելել նստացույց անող դերասաններին։