Ավտոբուսի վարորդների գործադուլը կշարունակվի․ երթուղի է վերադարձել 4 ավտոբուս
Հասարակական 4 ավտոբուս դուրս եկավ երթուղի։ Մյուս վարորդների խոսքով՝ 2-ը ինքնակամ վերադարձել են աշխատանքի, 2-ը այլ անձինք են, որոնցից վարորդներից ոչ մեկը չէր ճանաչում։
Գործադուլ անող վարորդներից մեկը ABCmedia-ի հետ զրույցում ասաց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից իրենց արդեն տեղեկացրել են աշխատանքից ազատելու մասին։
Վարորդները չգիտեն՝ որքան է տևելու իրենց գործադուլը։ Ասում են՝ կշարունակվի այնքան, մինչև առաջարկեն պայմանագիր, որտեղ հստակ նշված կլինի բարձրացված աշխատավարձի մասին:
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի խոսքով՝ վարորդների բողոքը արդարացված է։ «Նրանց տվել են խոստումներ, որոնք ամիսներ շարունակ անկատար են մնացել»։
Ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը համակարծիք է Չախոյանի հետ։ Ստեղծված անհարմարությունը սխալ ու չհամակարգված աշխատանքի արդյունք է։
«Այս անհարմարությունները չպետք է զգային երևանցիները: Հիմա քաղաքացիները այս ցրտին փողոցներում են։ Ինչու՞ պետք է նրանք տուժեն»,-ասաց նա։
Վարորդների մեծ մասը շարունակում է գործադուլը։