Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիր մատյանը նվիրաբերվել է Մատենադարանին
15-րդ դարի մեծանուն բնագետ, բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու բոլոր ստեղծագործությունները, բարեբախտաբար, պահպանվել են և, որ հատկանշական է, պահվում են Մաշտոցյան Մատենադարանում։
Ամիրդովլաթ Ամասիացու առաջին ստեղծագործությունը` «Ուսումն բժշկութեան»-ը, (1459թ.) միջնադարյան հայ բժշկության կարևոր ձեռքբերումներից է, որը միակ ինքնագիր օրինակն է և առաջին ամփոփ գործն է տեսական բժշկության։ Իսկ 10 տարի անց՝ 1469թ․, հեղինակը՝ ավելացնելով կլինիկական բժշկության մի ստվարածավալ բաժին, անվանեց՝ «Օգուտ Բժշկութեան»։
Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանակալից աշխատություններից են «Ախրապատին» առաջին և «Ախրապատին» երկրորդ գրքերը (1459-1481թթ.)։
Բժշկապետի անգերագնահատելի ձեռքբերումներից է «Անգիտաց Անպետը» (1482թ.)։ Այն դեղաբառարան է և ընդգրկում է 1400 դեղամիջոց: Հանրագիտական բնույթի այս ստեղծագործությունն իր մեջ ամփոփում է ժամանակին հայտնի բուսական, կենդանական և հանքային ծագման բուժամիջոցների կիրառման ստույգ բժշկագիտական ցուցումներ, որոնք ապացույցն են հայ մեծ բժշկապետի բժշկագիտական լայն ու մեծածավալ ըմբռնումների։
Բժշկագիտության հետ անմիջապես առնչություն չունեցող Ամասիացու միակ գիրքը՝ «Գիրք ռամկական»-ն է (1474 թ.), որը նվիրված է առավելապես աստղագիտությանը։
Հայ գիտական մատենագրության երախտավորի՝ Ամիրդովլաթ Ամասացու, բժշկագիտական ժառանգությունը բացառիկ հնարավորություն է հաղորդակից լինել միջնադարյան հայ բժշկագիտության ամենաբարձր մակարդակի։
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների ջանքերով ձեռք է բերվել Ա.Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության 18դ. ընդօրինակված ձեռագիր մատյանը և նվիրաբերվել Մատենադարանին։