25 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիները ավերել են Օմարի լեռնանցքում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշաղբյուրը

Ադրբեջանցիները ավերել են Օմարի լեռնանցքում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշաղբյուրը

Ադրբեջանցիներն ավերել են Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի
և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի
Թթու ջուր կոչվող տարածքում․ տեղեկացնում է «Պատմամշակութային Ժառանգության
Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Աղանուս
գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել։

Քաշաթաղում բնակություն հաստատած ադրբեջանցիները տեղեկացրել են,
որ այնտեղ կառուցվելու է հանգստի կենտրոն և ռեստորան։ Մինչդեռ Ադրբեջանի բնապահպանության
և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ
Աղանուս գյուղում իրականացված շինարարական աշխատանքները կատարվել են կամայականորեն
և շինարարական աշխատանքների վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել։

Ադրբեջանական moderator.az կայքը հայտնում է, որ տարածքի բնակիչները
պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և համապատասխան կառույցներին հաշվետվություն
ներկայացնել տարածքում կատարված ապօրինի աշխատանքների մասին։

«Ի՞նչ կարիք կար այս գեղատեսիլ վայրի ծառերը կտրելու ու այդ տարածքի
կանաչն ու զովությունը վերացնելու համար, ինչ է թե ճանապարհ սարքեն: Սա իսկական էկոցիդ
է, ուրիշ անուն չունի սա: Դա էլ հո հայերը չեն արել», – նշված է լրատվականի հոդվածում: