Քրեակատարողական ծառայության 34-ամյա պետը․ ի՞նչ է հայտնի Ծովինար Թադևոսյանի մասին
Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը՝ Ծովինար Թադևոսյանն, այսօր նշանակումից հետո առաջին այցն է կատարել ՔԿՀ։ Նա ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ո՞վ է ի վերջո ԿԾ նորանշանակ պետն ու ինչ է հայտնի նրա մասին։ Մամուլն այս օրերին գրել էր, որ Թադևոսյանը ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ Գալյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին ու հաստատել՝ վաղուց է ճանաչում Ծովինար Թադևոսյանին։
«Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց, և դա ևս մեկ երաշխիք կամ հիմք է եղել, որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը: Ընկերուհին շատ լայն հասկացություն է, ՀՀ-ում բոլորը բոլորին գրեթե ճանաչում են, և կարծում եմ, որ անձնական վստահության դաշտը ևս կարևոր է այդպիսի պատասխանատու պաշտոնում առաջարկելու համար»,-ասել է Գալյանը։
34-ամյա Ծովինար Թադևոսյանը ծնվել է Երևանում, մասնագիտությամբ հոգեբան է։ 2012-2014թթ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ու իրավագիտության ֆակուլտետների կողմից իրականացված «Կրիմինոլոգիա» մագիստրոսական ծրագիրը, ստացել հոգեբան-կրիմինոլոգի որակավորում:
2015-2020թթ. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնում հոգեբան-փորձագետ է եղել: 2020 թվականից ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն է եղել: ՀՀ վարչապետի 2025թ.-ի հունվարի 8-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ: