16 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր տարազի մեջ հարսի զգեստը սպիտակ չի եղել, կարմիր է եղել․ Արամ Նիկոլյան

Մեր տարազի մեջ հարսի զգեստը սպիտակ չի եղել, կարմիր է եղել․ Արամ Նիկոլյան

Ոճաբան Արամ Նիկոլյանի համար դժվար ժամանակներում ստեղծագործելը հեշտ չէ ․․․Արամն ընդգծում է, որ «Նիկոլյան» բրենդի տեսակը հենց հայկականությունն է, իսկ իր վերջին ցուցադրությունն այն 10 հիմնական հիմնասյուների մասին է, որոնց վրա հենվում է պետությունը։ Նրա կարծիքով` յուրաքանչյուր ոճաբան պետք է որոշ չափով նաև հոգեբան լինի, որ հասկանա ինչպես ներկայացնել մարդուն և նրա խառնվածքը։

-Ձեզ համար երևույթները, իրադարձությունները գույներ ունե՞ն և վերջապես ի՞նչ գույնի հետ եք ասոցացնում Հայաստանը։

-Մենք դարերով ապրելով ու ունենալով հարուստ մշակույթը՝ չենք կարող լինել անգույն, չենք կարող լինել անսեր, չենք կարող լինել ան նախածանցով բոլոր բառերը։ Մենք մաքսիմում գունազարդ ենք, մաքսիմում շքեղ ենք ու այն մշակութային գանձերը բոլոր գույները ներառում են, այսինքն տարանջատել մի գույնով, կարծում եմ մի քիչ սխալ կլինի։

-Մշակույթի մասին խոսեցիք՝ հիշեցի Ձեր հարցազրույցից մի հատված, որտեղ ասում եք, որ մշակույթը կարծես մեր գենի մեջ լինի։ Անցյալ անգամ Աննա Մայիլյանի հետ էինք զրուցում, եկանք այն եզրակացության, որ ամեն դեպքում այդ հայկական մշակութային գենը ինչ-որ նեղ շրջանակ է կրում։ Ինչու՞ է այդպես և ինչու՞ ավելի լայն հանրայնացում չի ունենում։

-Ցավոք սրտի (դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, միգուցե ինչ-որ մարդիկ չհամաձայնվեն), մենք մեր ազգային հատկությունների և արյան մեջ ունենք օտարամոլության մաքսիմում շեմ։ Խոր հարգանք տածելով Շառլ Ազնավուրի հանդեպ, պետք է նշեմ, որ մեր ազգը «Ազնավուրի» սինդրոմ ունի՝ մեր ժողովուրդը սկսում է գնահատել և արժևորել մարդկանց, ովքեր դրսում են կայանում։

-Արա՛մ, Ձեր վերջին ցուցադրությունը իսկապես մեծ արձագանք ունեցավ։ Համացանցում ամենաշատը Նազենի Հովհաննիսյանի կերպարը քննարկվեց։ Դուք դա կապում եք դերասանուհու անձի՞ հետ, թե՞ կերպարի յուրահատուկ ներկայացման։

-Նազենին, ով  իր կերպարով շատ քննարկվող է, քննարկման ենթակա չէ։ Ինքն իր հետաքրքիր տեսակով մշտապես քննարկումների կենտրոնում է, բայց այս դեպքում չեմ ուզում ամբողջությամբ դա Նազենիի հետ կապել։ Գաղափարը, որտեղ Նազենին ներկայացված էր հոգևորականի զգեստով և մարմնավորում էր հավատը՝ ճիշտ է ներկայացված։ Ես կարողանում եմ կարծիքներ լսել և առհասարակ սիրում եմ բազմակարծություն, բայց մի չափ կա, որ անցնել պետք չէ։ Ցավոք սրտի, մեր հասարակության մի մեծ զանգված կրթվելու խնդիր ունի ու մի քիչ էլ էթիկային պակաս։ Չեմ սիրում առհասարակ ինչ-որ բաների միջամտել, բայց եղան դեպքեր, երբ ես անձնապես կապվեցի այդ մարդկանց հետ, խնդրեցի հեռացնել այդ մտքերը՝ բացատրելով, զրուցելով, թե այդ ամենի միտքը որն է։ Ես շատ կցանկանայի, որ «Հավատքի» հետ կապված այդ աժիոտաժը լիներ այն ժամանակ, երբ մեր եկեղեցին իրապես պախարակվում էր անգամ պետական այրերի կողմից։

 

-Հաճախ եք նշում, որ հավաքածուների ստեղծման ընթացքում Ձեր ոգեշնչման աղբյուրը հայ կինն է։

-Ուժեղ հայ կնոջ գաղափարը իմ բրենդի երկրորդ կարևոր բաղկացուցիչն է։ Առաջինը հայկական մշակույթն է։ Ես շատ հաճախ նաև իմ հարցազրույցներում ասում, որ երբևէ չեմ տեսել որևէ ազգի կնոջ, ով կարող է այդքան արհավիրքների միջով անցնել՝ կորցնել ընտանիք, երեխաներ, կորցնել իր համար ամենաարժեքավոր բաները՝ հետո կարողանա կայանալ լրիվ օտար տեղում, ու դառնա իր մշակույթը կրողը։ Երբ  «Ուրֆա» հավաքածուն էի անում, ուսումնասիրում էին նաև այն հայ կանանց, ովքեր գաղթի ժամանակ՝ Մեծ եղեռնից հետո հայտնվել էին Ֆրանսիայում, Իտալիայում ու փորձել են իրենց ունեցած գիտելիքով ու արվեստով ինչ-որ բան փոխել։  Հայ կնոջ ու ուժեղ լինելու գաղափարը, մշտապես իմ մեջ է, որովհետև այդ օրինակները քիչ չեն․ վերջին Արցախյան պատերազմից հետո մայրանալու օրինակն ինձ համար էլի եզակի ուժեղ տեսակի մասին է խոսում։

-Ինչի՞ մասին է «Նիկոլյան» բրենդը։

«Նիկոլյան» բրենդը հենց հայկականության մասին է։ Առհասարակ համաշխարհային նորաձևության մեջ մեր օրերում նոր բան ասելը գրեթե անհնար է դարձել, և եթե ուզում ես ինչ-որ ասելիք ունենալ և ուզում ես ինչ-որ բան քեզանից ներկայացնել, պետք է կարևորես և ներկայացնես քո տեսակը։ Մենք  բազմաշերտ մշակույթ ունենք և սխալ կլինի չանդրադառնալ այդ մշակույթին ու ցույց չտալ այն աշխարհին։ Ցավոք սրտի, Աստված մեզ չի շնորհել բնական հանածոներ՝ նավթ, գազ կամ ոսկու հանքեր, բայց շնորհել է պատմություն, որը հարուստ է մշակույթով և բազմաշերտ է։ Ես մշտապես իմ մշակույթով ոգեշնչվել եմ, իմ մշակույթը դրել եմ իմ շատ-շատ գործերի հիմքում։

-Երբ սերը Ձեր ցուցադրության մեջ տեսա կարմիրով, Ալմոդովարին հիշեցի։ Իր ֆիլմերը, եթե սիրում եք, կհիշեք, որ այնտեղ կարմիրը միշտ շատ է։ Նույնիսկ հատուկ հաղորդում կար՝ նվիրված Ալմոդովարին և կարմիրին։ Իր ֆիլմերում կարմիրը խորհրդանշում էր սերը։

-Ինձ մոտ էլ է սերը կարմիր։ Սիրո սիմվոլիկան նաև սրտի այդ ցուցադրության մեջ օրգանական սրտի ինչ-որ լուծումներ ուներ իր մեջ՝ ֆորմայի առումով նկատի ունեմ։ Փորձել էի մոտեցնել օրգանական սրտին ու ինչ-որ գծեր կոնստրուկցիայի մեջ օգտագործել։ Սիրտ օրգանը ինքնին կարմիր է։ Հաճախ մարդիկ խառնելով սերը կրքի հետ, փորձում են չտարանջատել դրանք։ Այս ցուցադրության մեջ սերը՝ սիրո գլոբալ գաղափարն էր, այլ ոչ թե կոնկրետ ինչ-որ անձի սիրելը, կամ կին-տղամարդ հարաբերությունները։

-Պատերազմը հայտնի պոդիումներում որևէ կերպ ներկայացվու՞մ է, թե՞ այդ թեմաներից աշխատում են խուսափել։

-Նորաձևությունը միշտ է եղել այն հարթակը, որտեղ խոսվել է թե՛ պատերազմներից, թե՛ այլ խնդիրներից։ Այդ տարիներին Իտալիայի նորաձևության շաբաթում իմ կոլեգաները ցուցադրություն արեցին, որը նվիրված էր այն ամենին՝ ինչ կատարվում է Արցախում պատերազմի օրերին։

Առհասարակ մեր արվեստը վիզուալ արվեստ է, և նրա միջոցով շատ հեշտ է խնդիրներ բարձրաձայնել։ Ժամանակին կար գաղափար՝ ստեղծելու Մեծ եղեռնի մասին ցուցադրություն, բայց այն ժամանակ այդ գաղափարը չիրագործվեց։ Իմ ոգեշնչումն այդ ժամանակ Կոմիտասն էր, և Կոմիտասի տեսակը։ Երբ ուսումնասիրում ես իր կյանքը, հասկանում ես որքան պոզիտիվ մարդ է եղել, որքան դրական է եղել ու ինչքան կատակներ է սիրել անել։ Մաքսիմում լուսավոր տեսակ է եղել։

– Աննա Մայիլյանի հետ նաև հարսանիքներից էինք խոսում այդ հաղորդման ընթացքում։ Զրույցի ընթացքում եկանք այն եզրահանգման, որ ռաբիսը շատ է հնչում հարսանիքների ժամանակ, որովհետև գործիքավորված հայկական պարեղանակները քիչ են։ Մտածեցինք նաև, հրաշալի կլիներ, որ հայ հարսները հարսանիքներին հագնեն0 զգեստ, որը կունենա տարազից ինչ-որ դետալներ։ Դուք մտածե՞լ եք, այդպիսի հավաքածու ստեղծելու մասին։

-Իրականում հիմա կա այդ միտումը և շատ հարսանիքների տեսնում ենք հարսիկների, ովքեր հագնում են տարազի էլեմենտներով հայկական զգեստներ։ Սիրուշոն ունի մի այդպիսի ուղղություն, որը հենց հարսանեկան զգեստներն է վերականգնում։ Կար գաղափար, Սիրոշոյի հետ համատեղ մի այդպիսի բան անելու, որը, ցավոք, չունեցավ ընթացք։ Կարծում եմ դեռ կանդրադառնամ այդ ուղղությանը, որովհետև հետաքրքրվել, ուսումնասիրել եմ հենց հայ հարսի գաղափարը։ Պետք է նշեմ, որ մեր տարազի մեջ հարսի զգեստը սպիտակ չի եղել կարմիր է եղել՝ ժամանակի ընթացքում է սպիտակել։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը