
Մենք առևտրական ազգ չենք ՝ պարզապես կարողանում ենք նաև դա շատ լավ անել. Արաքսյա Մելիքյան
ABC ինտերվյուի հյուրը Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն է։ Արաքսյայի հետ զրուցել ենք թատրոնում կայացած պրեմիերայից և դերասանուհու մարմնավորած դերից։ Արաքսյայի կարծիքով դերասանը պետք է ճկուն լինի և իր ուժերը փորձի իրարից շատ տարբերվող դերերում։ Դերասանուհին միշտ պատրաստ է նոր դերերի և, ինչպես ինքն է բնորոշում, նոր մարտահրավերների։ Նույն թատրոնի բեմում հանդես է գալիս նաև դերասանուհու ամուսինը, ով դերասանուհու ասելով իր ամենաօբյեկտիվ քննադատն է։
–Ասում են, աղջիկներն իրենց ընտրությունը կատարում են մտքում ենթագիտակցորեն ունենալով իրենց հոր պատկերը, համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։
-Իմ դեպքում այդպես չէ․ բացարձակ տարբեր մարդկանց մասին է խոսքը։ Ասեմ ձեզ, ինձ թաքուն բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես անընդհատ ուզում եմ, որ ամուսինս հորս նման արարքներ գործի՝ արարքներ, որոնք ինձ հիացնում են մինչև օրս։ Հետո արձանագրում եմ, որ ինքն ամեն դեպքում հայրս չի։ Նույնիսկ չգիտեմ ինչու եմ հորս հակապատկերին ընտրել, որովհետև նրանով հիանում եմ մինչ օրս։ Կարծում եմ դա օրինաչափություն չի, և բոլորի մոտ չէ, որ պետք է կիրառելի լինի։ Գուցե ես ընտրել եմ մի մարդու, ինչպիսին երբեմն ուզել եմ, որ հայրս լինի։ Երևի երբ երեխա էի ուզում էի, որ հայրս ասող-խոսող, ավելի շփվող լինի՝ այսպիսին ինչպիսին Անդրանիկն է։ Հայրս ֆիզիկ է, ինքն իր գործը․ ուրիշ բաների հետ շատ հավես չունի։
–Արաքս Ձեր կարծիքով ի՞նչ վտանգներ կան այսօր ծառացած դրսի մեր հայրենակիցների դեմ։ Զգու՞մ եք մտահոգություն այն իրողությունների կապակցությամբ, որոնք կատարվում են այսօր Հյաստանում։
Գիտեք դրսում ապրող մեր հայրենակիցները շատ ավելի հայ են, քան մենք՝ այստեղ ապրողներս։ Հիմա կասեք ի՞նչ հիմքեր ունեք այդպես պնդելու։ Իրենց հետ շատ եմ շփվում։ Իրենք դրսերում շաուրմա չեն ուտում՝ ասում են դա թուրքական է։ Այնտեղ ավելի շատ են իրենց հայեցիությունը պահպանում, քան մենք այստեղ։ Գուցե դա ինչ-որ պաշտպանական միջոցներ են, որոնք իրենց դրում ավելի անհրաժեշտ են։ Մեր ազգին հաճախ տալիս են բնորոշումներ, որոնք ընդունելի չեն։ Չեմ ընդունում, երբ մեր ազգին որպես առևտրական են պիտակավորում։ Դա ընդհանրապես այդպես չէ։ Մեր պատմությանը նայեք, գուցե շատ լավ տիրապետում ենք նաև դրան, որովհետև ունենք ճկուն միտք, բայց միայն առևտրական չենք։ Այդպես պիտակավորելով կարծես թաղում են միանգամից մեր գիտնականներին, արվեստագետներին։ Հիշեք ինչ դեմքեր ունենք, հիշեք մեր երաժիշտներին, մեր երգիչներին։ Այդպիսի բան չկա՝ առևտրական չենք մենք՝ պարզապես կարողանում ենք նաև դա շատ լավ անել։
–Հաճա՞խ են Հայաստանից թատերախմբեր մեկնում արտերկիր և ի՞նչ ներկայացումներով են հանդես գալիս։
-Վերջերս Ղազախստանում թատերական փառատոն էր եղել։ Մեր դերասանախմբերից մեկը ոչ հայկական գործով էր հանդես եկել, և չէր անցել անգամ լավագույն եռյակի մեջ։ Դերասաններից մեկը դիտարկում էր արել․ «Գիտե՞ս Ար, որ խմբերն անցան, նրանք որոնք ազգային ներկայացումներ էին տարել»։ Այսինքն աշխարհը, ինչքան էլ ասում ենք գլոբալիզացիա, եսիմ ինչ, այնուամենայնիվ հավանում է, և գնահատում է այն գործերը, որոնց մեջ պահպանված է ազգային դիմագիծը։ Եթե ես Համասյանին սիրում եմ՝ սիրում եմ, որովհետև ինքը նվագում, նվագում է, մեկ էլ ըհը՝ հայկական ելևէջներ է մտցնում։ Դա շատ-շատ դուրեկան է, և շատ է գրավում։ Մենք պետք է կարողանանք մեր հայկականը, մեր հայ լինելու ներկայացման ձևերը գտնել, որ աշխարհը նայի և ծանոթանա մեր մշակույթի հետ։ Աշխարհի աղբը բերում, լցնում ենք մեզ մոտ, և դա բացարձակ իմ սրտին չի կպնում։ Մեկ էլ գիտե՞ք ինչ է նյարդայնացնում՝ հենց ասում ես հայ, անպայման մտածում են լաց, սև, վիշտ և այլն՝ իսկ ո՞վ է ասել, որ մենք այդպիսին ենք՝ մենք այնքան ուժեղ ու գժական լավ գծեր ունենք, ո՞նց կարելի է այդ ամեն թողնել ու մենակ այդ լացուկոծի ու վշտի վրա կենտրոնանալ։ Մենք շատ-շատ սիրուն գծեր ունենք, շատ հետաքրքիր, շատ կենսասեր ենք՝ կարծում եմ, որ մենք ուրախ ազգ ենք։
-Ինչի՞ց եք վերջին շրջանում իրապես վրդովվում։
-Այո, կան բաներ, որոնք ինձ իսկապես անհանգստացնում են։ Չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր ազնվորեն անում, անում, անում են, հետո սկսում են չանել։ Ինչի՞, որովհետև փաստացի տեսնում են, որ կողքը կա նաև այլ իրականություն։ Ասում են ինչի՞ ես պիտի տամ, հարկեր մուծեմ, իսկ մյուսը գողանա։ Իրենք տեսնում են, Հոլիվուդում չեն, կամ Բելգիայում չեն․ իրենք անընդհատ անում են, հետո սկսում են չանել, որովհետև չեն պատժվում չանողները, որ հետո մյուսների համար դաս լինի։ Մի անգամ ձեռքին խփի, պատժի, տեսեք ինչպես մյուս անգամ կանի։ Ես չգիտեմ այդ ինչ գործիքներ են պետք, որ կօգնեն այս ամենը մաքրել, դուրս գալ այս վիճակից, անկեղծ չգիտեմ։ Արդեն հուսալ, որ ազնիվ մարդը ինքն իրենով կարող է լուծել այդ ամենը՝ անհավատալի է թվում։ Կարծում եմ կարճ ենք մտածում՝ այսօրվա մասին միայն։ Ազգեր կան սերմերը ցանել են, որպեսզի ոչ թե իրենք ու իրենց երեխաները բերքը հավաքեն, այլ՝ թոռները։ Մենք մտածում ենք՝ չէ՛, այսօր ապրենք, թե ինչ կլինի հետո՝ Աստված գիտի։ Եվ հետո՝ այսքան հարկ ու պարտք, որ լցվել է, ո՞վ է վճարելու, իմ երեխա՞ն․․․
-Ի՞նչ անել, և ինչպե՞ս ապրել մեր երկրի համար այս դժվար իրավիճակում։
-Այո, հեշտ չէ բայց կյանքը կանգ չի առել, ո՞վ է ասել կյանքը կանգ է առել, հակառակը հիմա ավելի ուժեղ պետք է լինել ու ապրել․․․ Իմ ներկայացման Հայաստանը ասում է պարզվում է վրեժ լուծելու համար ապրել է պետք․․․ Այս հատվածը իմ կերպարի ամենամենասիրելի կտորներից մեկն է։ Այսինքն ինձ հետ տեղի ունեցածի համար վրեժ լուծելու համար պետք է լավ ապրեմ։ Լավ ապրել՝ նկատի ունեմ ոչ թե լավ խմել, ուտել և շփացած կյանք վարել, այլ հնարավորինս բարեկեցիկ ապրել՝ ուրիշ գործիք չկա։ Ես այդպես եմ կարծում, այդպես է կարծում նաև իմ մարմնավորած «Հայաստանը»։ Պետք է ապրել՝ միշտ հիշելով դու ով ես, և միևնույն ժամանակ սլաքներն ուղղել մեծ աշխարհի վրա։ Այստեղ՝ ներսում անընդհատ լինելով մենք ոչ մի լավ բանի չենք հասնում, մենք պետք է ունենանք մերը, մեր ազգային դիմագիծը, բայց բաց լինենք նաև դրսի համար։
Զրուցեց՝ Լենա Գևորգյանը