24 Փտր
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ դիմել և ինչպե՞ս փաստաբան ընտրել

Ե՞րբ դիմել և ինչպե՞ս փաստաբան ընտրել

Փաստաբանը կարող է վստահորդներին խորհրդատվություն տրամադրել իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ուսումնասիրել փաստաթղթերն ու իրավաբանական բնույթի տարբեր փաստաթղթեր կազմել։ Նա կարող է ներկայացնել վստահորդին դատարանում, տարբեր պետական և ոչ պետական մարմիններում, նոտարական գրասենյակներում, քրեական վարույթներով պաշտպանություն իրականացնել, վկային իրավաբանական օգնություն ցույց տալ․ մի խոսքով՝ փաստաբանի գործունեության դաշտն ընդգրկուն է և կարելի է դիմել իրավունքի վերաբերյալ ծագած ցանկացած խնդրի կամ պարզապես խորհրդատվության անհրաժեշտության դեպքում։

Փաստաբանին ցանկալի է դիմել նաև բոլոր այն դեպքերում, երբ պետք է կնքել տարատեսակ պայմանագրեր՝ սկսած հիպոթեքային վարկով կամ կառուցապատողից բնակարան ձեռք բերելուց, մինչև տարբեր ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։  Բնականաբար, դատարան դիմելիս ևս կարևոր է օգտվել փաստաբանական ծառայություններից։ Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիներն ինքնուրույն են ներկայացնում իրենց շահերը դատարանում՝ բաց թողնելով բոլոր հնարավորությունները՝ դատական գործն ի շահ իրենց ավարտելու, կամ շատ ուշ են դիմում փաստաբանի, երբ գրեթե սպառվել են իրավական բոլոր հնարավորությունները, բաց են թողնվել ժամկետները։

Փաստաբան ընտրելու համար նախ պետք է հստակեցնել իրավական խնդիրն ու գտնել այնպիսի փաստաբան, որը մասնագիտացած է տվյալ ոլորտում։ Ճիշտ կլինի ընտրել այնպիսի փաստաբան, որն ունի վաստակած համբավ։

Հնարավորության դեպքում պետք է հետևել ու ծանոթանալ փաստաբանի գործունեությունը, սոցիալական ցանցերում տեսնել նրա հաճախորդների արձագանքները, հետադարձ կապը և այլն։

«Եղել են դեպքեր, երբ որոշ անձինք հանդես են եկել որպես արտոնագրված փաստաբան՝ չարաշահելով քաղաքացիների վստահությունը, հափշտակել գումարներ՝ իբր փաստաբանական ծառայության դիմաց, սակայն որևէ կոնկրետ ծառայություն չեն մատուցել և, բնականաբար, չէին էլ կարող, քանի որ փաստաբանի արտոնագիր չունեին։ Նման դեպքերից խուսափելու համար Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում պետք է ստուգել՝ արդյոք տվյալ անձն ունի՞ արտոնագիր և հանդիսանում է փաստաբան, թե՞ ոչ, կամ  արդյոք կասեցված կամ դադարեցված չէ՞ նրա փաստաբանական գործունեության արտոնագիրը»,-ABC media«Օրենաչափ» հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է Տիգրան Գրիգորյանը։

Փաստաբանի և փաստաբանության նկատմամբ քաղաքացու կամ հասարակության վստահության անհրաժեշտ պայմաններ են փաստաբանի մասնագիտական անկախությունը, պարկեշտությունը, ազնվությունը և բարեխղճությունը: Վստահության չարաշահումը անհամատեղելի է փաստաբանի կոչման հետ: 

Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից, որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը: Նշվածն, իհարկե, վերաբերում է նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումներին կամ տեղադրված նյութերին։

«Փաստաբանի մասնագիտական էթիկայի խախտումներ կատարելը չի կարող արդարացվել նույնիսկ այն փաստարկով, որ այդպիսի պահանջ է ներկայացրել կամ ցանկություն է հայտնել վստահորդը կամ պաշտպանյալը։

Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից, որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը: Նշվածն, իհարկե,  վերաբերում է նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումներին կամ տեղադրված նյութերին»,- ասել է Տիգրան Գրիգորյանը։

Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․