
Կոմիտասը հասկացել էր, որ մեր երգն ունի իր կազմությունը, ինչպես մեր բառը, մեր խոսքը, մեր լեզուն. Լուսինե Սահակյան
ABC ինտերվյուի հյուրը երաժշտագետ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանն է։ Կոմիտասագետի կարծիքով՝ Կոմիտասի կյանքը պատում է հայ ժողովրդի մասին և որքան բարդ են ժամանակները՝ այնքան մեր ժողովրդի համար նրա անցած ճանապարհն ուղենշային պետք է լինի։
-Ո՞վ էր Կոմիտասը և ի՞նչ նշանակություն ուներ հայ և համաշխարհային մշակույթների համար։
-Կոմիտասը մեր ժողովրդի հավաքական կերպարն է, մեր ժողովրդի խորհրդանիշն է, Կոմիտասի կյանքը, նրա անցած ճանապարհը մեր ժողովրդի անցած ճանապարհն է։ Սա պատում է, գովերգում է, մեծարանք է՝ ուղղված հենց հայ ժողովրդին՝ ի դեմս Կոմիտասի։ Կոմիտասը հարատև արժեք է, և անվերջ կարելի է խոսել նրա մասին։ Իր կյանքն ուսումնասիրելիս, երբ խորանում եմ իր կյանքի մանրամասների մեջ, մտածում եմ որքան կիրթ է եղել, որքան ժամանակակից: Մերօրյա տերմինով եթե բնորոշենք՝ գլոբալիզացիայի մարդ է եղել, և որքան ճիշտ են եղել այն ուղենիշները, այն ճանապարհները, որոնք ինքը բացել է մեզ համար։ Նա բազմաոլորտ մեծություն էր․ ես իրեն համեմատում եմ վերածնության դարաշրջանի մեծերի հետ։ Ինքը ծնունդով էր երաժիշտ, ինչը նշանակում է, որ ուներ բացառիկ լսողություն, բացառիկ ձայն, երաժշտական տվյալներ։ Ինքը երաժիշտ էր ծնվել, կան այդպիսիք․․․
-Ինչքան գիտեմ՝ Կոմիտասը շատ երաժշտասեր ընտանիքում է ծնվել․ երգել են և՛ նրա հայրը, և՛ մայրը։
– Կոմիտասի մայրն ու հայրը, իսկապես, երգել են։ Մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, նույնիսկ երգեր է հորինել։ Ինչ-որ շրջանում նա գնացել է Քյոթահիա, որպեսզի ձայնագրի մոր երգած երգերը։ Այսինքն՝ այստեղ նաև ժառանգականությունն է օգնել։
-Ե՞րբ Կոմիտասը սկսեց զբաղվել երաժշտագիտությամբ։
-Գևորգյան հոգևոր ճեմարանում Կոմիտասը հասկացել էր, որ երգը ոչ միայն պետք է ձայնագրել, այլև պետք է ուսումնասիրել։ Նա ունեցել է երաժշտի ինտուիցիա։ Եթե ինձ հարցնեք՝ Մոցարտը կամ Բախը ո՞ր կոնսերվատորիան են ավարտել, ես Ձեզ ոչինչ չեմ կարող պատասխանել, որովհետև չկա այդպիսի կոնսերվատորիա, իրենք պարզապես իրենց ծնունդով հանճար են եղել։ Կոմիտասն էլ էր այդպիսին։ Ես կարծում եմ, որ նրանք երևի գերմարդիկ էին և իրենց կապը Աստծո հետ մի ուրիշ կերպ է եղել։ Չեմ կարող հիմա բացատրել և այդ միստիկ հարցերի մեջ խորանալ, բայց Կոմիտասն արդեն հասկացել էր, որ մեր երգն ունի իր կազմությունը, ինչպես մեր բառը, մեր խոսքը, մեր լեզուն ունի իր կազմությունը։ Նա ասում էր՝ մեր լեզուն հնդեվրոպական է, բայց նման չէ ոչ մի հնդեվրոպական լեզվի, նույնն էլ մեր երաժշտություն պարագայում է։ Գևորգյան հոգևոր ճեմարանում նա, ձայնագրելով երգերը, սկսել էր նաև դրանք ուսումնասիրել։ Նրա առաջին հոդվածը նվիրված է եղել հայ եկեղեցական երաժշտությանը։ Ուսումնասիրելով գեղջուկ և եկեղեցական երգերը՝ Կոմիտասը բերել է մի բանաձև, ըստ որի եկեղեցական և գեղջուկ երգերը քույր և եղբոր ազգակցություն ունեն։
-Դա ամբողջ աշխարհու՞մ է այդպես։
-Այո, այո, ամբողջ աշխարհում այդպես է, որովհետև եկեղեցին մշտապես, չասեմ յուրացրել, բայց վերցրել է կանոնակարգել և պահպանել է ժողովրդական կամ աշխարհիկ երաժշտությունը։
– Եթե չեմ սխալվում, դասական երաժշտությունն էլ է ժողովրդական երաժշտությունը որպես հիմք օգտագործել։
-Իհարկե, դասական երաժշտությունը, եթե խորանանք, հիմքում հիմնականում ժողովրդական երգ ունի։ Ի՞նչ էր ասում ռուս դասական երաժշտության հիմնադիրը Գլինկան․ «Ես ոչինչ չեմ արել, ես ռուսական չաստուշկան ամուսնացրել եմ եվրոպական ֆուգայի հետ»։
-Ինչպե՞ս էր Կոմիտասն ապացուցում, որ հայկական երաժշտությունն ունի իր յուրահատկութունը և այն իսկապես կարելի է տարբերակել։ Մեր օրերում ինչպե՞ս կարող ենք մենք կասեցնել մեր հարևանների նկրտումները մեր երաժշտության նկատմամբ։
-Կոմիտասը, ես այսպես եմ մտածում, երբեք այս տգետներին բնորոշ մարտնչող տեսակը չի ունեցել, նա պարզապես իր գործն է արել, և այն արել է հրաշալի։ Երբ դնում ես համեմատության մեջ՝ երաժշտական հնչյունաշարի կառուցվածքային առումով, հասկանում ես, որ սրանք լրիվ տարբեր բաներ են։ Ինքը պարզապես դա գրում էր, ուսումնասիրում էր, դրա մասին խոսում էր, երգում էր, հնչեցնում էր։ Ես կարծում եմ՝ հարևանները չպիտի ունենան նկրտումներ, որովհետև դա այնքան փաստված և այնքան ապացուցված իրողություն է, որ հարևանի նկրտումը պարզապես ապացուցում է նրա տգիտությունը։ Կոմիտասը նաև ասում էր, որ չկա այդպիսի երաժշտություն, որ փոխազդված չլինի, ազդեցության կրած չլինի, ինչպես լեզուները. դա նորմալ է, բայց կան շատ առանցքային տարբերակիչ հատկանիշներ, որ տվյալ ազգի մշակույթը տարբերակելի են դարձնում մեկ ուրիշ ազգի մշակույթից։ Կոմիտասի հիմնական առաքելությունը դրան էր միտված՝ ցույց տալ հայ երաժշտության տարբերությունը։ Ես միշտ բերում եմ այդ օրինակ՝ նա ասում էր, որ սա Պարսկաստանի և Արաբիո կիզիչ արևը չի այս երաժշտության մեջ, այլ մի բոլորովին ուրիշ լույս է ճառագում այս երգերից։ Եվ դա արձանագրում էին նրա ժամանակի ամենահեղինակավոր երաժիշտներն ու արվեստագետները։ Դա արդեն պատմական իրողություն է՝ չեն կարող այդքան բան փոխել, ես կարծում եմ, ես գրեթե համոզված եմ։
-Ինչը՞ ստիպեց Կոմիտասին Պոլիս գնալ, ինչո՞վ էր դա պայմանավորված։
-Եկան երիտթուրքերը, իրենց սահմանադրական փոփոխությունները խոստացան և Կոմիտասը, որպես օսմանահպատակ, որոշեց հաստատվել Պոլիսում, որովհետև այնտեղ որոշակի չակերտավոր ռեֆորմներ էին արվում ազգային փոքրամասնությունների համար։ Սկզբում Կոմիտասին Պոլսում խանդավառությամբ ընդունեցին, որովհետև եկել էր զարդը հայ մշակույթի՝ ինչպես իրենք էին բնորոշում։ Իրապես Պոլսում իրադարձություն էր Կոմիտասի հայտնվելը։ Նա ծրագրում էր կոնսերվատորիա բացել և կետերով գրել էր՝ ինչպիսին պիտի լինի հայկական կոնսերվատորիան։ Ինչպես նրա բարեկամը՝ Հակոբ Սիրունին էր նշում, թուրքերը այդպես էլ չգնահատեցին մեր ծառայությունները իրենց առջև և եղավ այդ եղերական ողբերգությունը՝ եղեռնը, ինչի հետևանքով Կոմիտասը կորցրեց իր հավասարակշռությունը, կորցրեց ամեն ինչ․․․
– Իսկ Կոմիտասը բա՞ց էր թուրք երաժիշտների հետ համագործակցության համար։
-Այո, Կոմիտասը բաց էր, Կոմիտասը վերջին սուլթանի որդու՝ Մեջիդ էֆենդու տան պատվավոր հյուրն էր, նրա կնոջ և աղջիկների երաժշտության ուսուցիչն էր, նրա արարողակարգի պետ Ջենանի բեյը որևէ քայլ չէր անում առանց Կոմիտասի։ Երբ բարձրաշխարհիկ հյուրեր պիտի գային Սուլթանին հյուր, հրավիրում էին Կոմիտասին, որպեսզի նա կազմեր երաժշտական ամբողջ ծրագիրը և մասնակցություն ունենար միջոցառմանը։ Կոմիտասը նույնիսկ մասնակցություն է ունեցել թուրք արվեստագետների և գործիչների հավաքներին։ Նա միակ հայն էր, որ մասնակցում էր այդ միջոցառումներին։ Նա իր նամակներում, որ եթե ինքը բանաստեղծ Մեհմեդ Էմինի տեքստով երաժշտություն է գրում, կամ այցելում է արդյունաբերական պալատի ղեկավարին, դա անում է հայկական կոնսերվատորիա բացելու նպատակով։
-Մի տեղ կարդացի, որ Կոմիտասը սովորաբար հավաքչական աշխատանքների գնում էր Արևելյան Հայաստանի տարածքում, դա այդպե՞ս է, և ինչո՞վ է դա պայմանավորված։
-Հիմնականում այո, որովհետև նա համարում էր, որ այս երգերը շատ ավելի բնօրինակային են, շատ ավելի տիպական են, շատ ավելի բնորոշ են և ավելի ճիշտ են արտացոլում հայ երգի կազմությունը։ Այդ շրջանները, գյուղերը և գյուղերում հնչող երաժշտությունը ամենամաքուրն են՝ գրեթե չեն ազդվել։ Դա վերաբերում է նաև Էջմիածնական եկեղեցական երգեցողությանը։ Կոմիտասը համարում էր այդ երգերն ամենամաքուրը, որովհետև մենք ունենք Երուսաղեմ, մենք ունենք Պարսկահայոց երաժշտություն և այլն։ Այդ պատճառով էլ բանահավաքչությամբ հիմնականում զբաղվում էր Արևելյան Հայաստանում։ Արևմտյան Հայաստանում Կոմիտասը ձայնագրել է բավական հետաքրքիր նմուշներ, բայց գեղջուկ երգն իր պրոցեսի մեջ, իր ծեսի մեջ, իր տոնի մեջ, հարսանյաց երգերի մեջ, ինքը նախընտրել է ձայնագրել Արևելյան Հայաստանում։ Կոմիտասյան ամեն երգը մի շեդևր էր, մի ուսումնասիրության նյութ՝ պատահական չի, որ նրա «Գարուն ա» երգին այդքան շատ են անդրադարձել։
Զրուցեց՝ Լենա Գևորգյանը