
Գյումրիում մեղադրյալներից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը
Գյումրիում երեկ ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը․ հայտնում էՀակակոռուպցիոն կոմիտեն։
Վերոհիշյալ 5 անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:
«Ընդ որում, դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը:
Երեկ Գյումրիում ձերբակալվել էր 8 անձ՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերով։