
«110 տարի անց պատմությունը կրկնվում է»․ ցուցահանդես` Երևանում
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվել է թեմատիկ նյութերի ցուցադրություն։ Նախաձեռնությունը ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեինն է։ Այն «110 տարի անց պատմությունը կրկնվում է» խորագիրն է կրում։ ABCmedia-ն զրուցել է ցուցահանդեսի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Կարին Հովսեփյանի հետ։
«Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցն է, բայց պետական մակարդակով աչքի ընկնող որևէ միջոցառում տեղի չի ունենում։ Որոշեցինք Հայոց Ցեղասպանության ուրացման ֆոնին ցույց տալ, որ հայ ժողովուրդը հիշում է ոճիրն ու հատուցում է պահանջում»,- նշել է Հովսեփյանը։
Միջոցառումը Գարեգին Նժդեհի արձանին հարակից վայրում է կազմակերպվել՝ սոցհարթակներից դուրս մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Ցուցահանդեսը հետաքրքրել է ոչ միայն հայերին, այլև արտասահմանցիներին։ Մոտենում են, հարցուփորձ անում, լսում Եղեռնի սարսափելի պատմությունները։
«Մենք պահանջատեր ենք ոչ միայն ապրիլի 23-ի ջահերթի ժամանակ կամ ապրիլի 24-ին, այլև ամբողջ ընթացքում։ Այս միջոցառումները, որոնք իրազեկման նշանակություն ունեն, գալիս են ապացուցելու դա»։
Ցուցադրության մեջ ներառված են 1915-ի Ցեղասպանության լուսանկարներն ու Արցախի բռնատեղահանման կադրերը։ Մենք զուգահեռներ ենք անցկացրել այդ երկու ողբերգությունների միջև, նշում է Կարին Հովսեփյանը։
«Ցուցադրությանը ներկայացրել ենք երկու քարտեզ․ առաջինը՝ Արևմտյան Հայաստանի այն հատվածներն են, որտեղ սպանությունները, ոճրագործությունները շատ են եղել, երկրորդը՝ առավել արդիական քարտեզ է՝ Հայաստանն ու Արցախը։ Մարդիկ մոտենում են, գնդասեղով նշում այն գյուղերը, քաղաքները, որտեղից տեղահանվել են»,- նշում է Հովսեփյանը։
Այս միջոցառման նպատակներից է աշխարհին ու ՀՀ-ի գործող իշխանությանը ցույց տալ, որ հայ ժողովուրդը տեր է իր պատմությանը, իր նախնիների հիշատակին և հանձնառու է իր իրավունքների պաշտպանության պայքարում, ընդգծում է կազմակերպիչներից մեկը։
Ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է ապրիլ 12-13-ին։ Այն կարող է կրկնվել մինչև ապրիլի 24-ը։
https://t.me/abcmediaarm/36349?t=2