
Փառատոն, բազկամարտի առաջնություն և բնակարանների նորամուտ` Գորիսում (լուսանկարներ)
Բազկամարտի առաջնություն, գուսանական փառատոն և բնակարանների նորամուտ. Գորիսում այսօր իրադարձությունների պակաս չկար։
Օրվա առաջին միջոցառումը ծաղկեդրումն էր Գուսան Աշոտի կիսանդրու մոտ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց ճանաչված գուսանի հիշատակին։ Միջոցառումը համախմբել էր տեղացի արվեստագետներին և մշակույթի գործիչներին։
Այնուհետև, Գորիսի կենտրոնական հրապարակում մեկնարկեց Սյունիքի մարզպետի գավաթի բազկամարտի առաջնությունը։ Մարզի ուժեղագույն բազկամարտիկներն իրենց ուժերը չափեցին մարզային այս խոշոր մրցաշարի շրջանակում։
Օրվա մշակութային կարևորագույն իրադարձություններից էր Գուսանական երգի փառատոնի մեկնարկը, որը տեղի ունեցավ Գորիսի կենտրոնական այգում։ Սյունիքի մարզի գուսանական խմբերի գեղեցիկ ելույթները երաժշտական շունչ հաղորդեցին քաղաքին՝ հավաքելով բազմաթիվ արվեստասերների։
Գորիսում այսօր տոն էր հատկապես նոր բնակարաններ ստացած 18 ընտանիքի համար: Քաղաքապետ Առուշ Առուշանյանն անձամբ հանձնեց բնակարանի բանալիները։
«8 տարում 60-րդ բնակարանն ենք հանձնել մեր քույրերին ու եղբայրներին` սահմանամերձ բնակավայրերում, Գորիս համայնքում։ Պատրաստ է ևս 40 բնակարանի կառուցման նախագիծ, ևս 60 բնակարանի համար այս տար տենդեր կհայտարարենք»,-ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Տեղական իշխանությունների նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը կարևոր քայլ է համայնքի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ։
Օրվա ամփոփումը դարձավ Գուսանական երգի փառատոնի եզրափակիչ գալա-համերգը՝ Նարեկացի համույթի մասնակցությամբ։ Այն անցկացվեց Գորիսի կենտրոնական հրապարակում՝ ջերմ մթնոլորտ ստեղծելով քաղաքի սրտում։