
Բնության աղետ և հրաշք էր․ թիթեղից վնասված հղի կնոջ ծնունդն ընդունած բժիշկը՝ դեպքի մասին
«Բնության նման աղետ և հրաշք մեկտեղ չէի տեսել»,-«Էրեբունի» ծննդատան տնօրեն, բժիշկ Անդրանիկ Պողոսյանն է նկարագրում մայիսի 11-ին հղի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպը՝ ABC media-ի հետ զրույցում։
«45 տարի է՝ աշխատում եմ, ծնունդ ընդունում, բայց նման բան երբևէ չեմ տեսել»,- ասում է Պողոսյանը։
Էրեբունի ԲԿ լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը կարճ տեղեկություն է տվել կնոջ առողջական վիճակի մասին։
« Բժիշկները հղիի առողջական վիճակը բավարար են գնահատում։ Նա տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այնքան լավ է, որ հիվանդասենյակում է»,- ասել է Հունանյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին՝ կիրակի երեկոյան ուժգին քամին տանիքից պոկել է թիթեղի մի կտոր, որը հարվածել էր բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը:
Հղիության 36-րդ շաբաթում գտնվող 23-ամյա հղիին «Էրեբունի» ԲԿ-ում կատարել են կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: