
ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշումների համաձայն՝ իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. հայտնում են ընկերությունից:
Դրանք ներկայացնում ենք ստորև.
- ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
- ՀԷՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
- ՀԷՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
- ՀԷՑ ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):
Ըստ հայտարարության ՝ իրականացվելիք գործողությունների նպատակներն են միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը և ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչի պաշտոնում նշանակվել է անցյալ շաբաթ: