
Ծիծեռնակաբերդը` թեժ քննարկումների կենտրոնում․ ճարտարապետն ու տնօրենը մանրամասներ են հայտնում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ քանդում են, ոչ էլ ապամոնտաժում։ Սոցցանցերում տարածված լուրերը հերքում ու օգտատերերին չանհանգստանալու կոչ է անում Հայոց Ցեղասպանություն թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Հուշահամալիրն արդեն մի քանի ամիս է՝ նորոգում են։ Տնօրենը չի հասկանում, թե ինչու միայն հիմա աղմուկ բարձրացավ, եթե նորոգման աշխատանքները վաղուց են մեկնարկել:
«Արդեն երկար ժամանակ է` այդ աշխատանքներն ընթանում են, անցած տարվանից էին մեկնարկել Հայոց Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի և հուշահամալիրի բարեկարգման և նորոգման աշխատանքները։ Դրանց առաջին փուլն ավարտվեց անցյալ տարի։ Անկեղծ ասած՝ մի քիչ զարմանալի է, որ աղմուկը հիմա բարձրացավ»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Գզոյանը։
Նորոգման աշխատանքներն էլ վերահսկում է հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը։ Ճարտարապետն էլ է զարմանում, թե ինչու է նորոգումը աղմուկ բարձրացրել։
«Ես չգիտեմ՝ ով է բարձրացրել այդ աղմուկը։ Իմ կարծիքով՝ դա ավելի շուտ քաղաքական նպատակ ունի, քան ճարտարապետական։ Տարբեր ժամանակներում մենք աշխատանքներ տարել ենք, մի հատ ծպտուն չեղավ»,-ասաց ճարտարապետը։
Հուշահամալիրը վերջին անգամ այն նորոգվել էր 2015 թվականին։ Տարածքում, սակայն, չկար ջրահեռացման համակարգ, ինչի պատճառով էլ ջուրը լցվում էր մույթերի մեջ՝ աղակալելով քարերը։
«Խնդիրը՝ Հուշահամալիրն ապրիլի 24-ին բաց լինելու կամ չլինելու մասին չէ։ Աշխատանքներն ավարտելու խնդիր չկա, որովհետև Հուշահամալիրը հենց այսօր էլ բաց է, մինչ այդ բաց էր ու շարունակելու է բաց լինել»,-նշեց Էդիտ Գզոյանը։
Ներսից աղակալած քարերը նորոգելու հնարավորություն չկա։ Ճարտարապետն ասում է՝ ոչ թե չեն ուզում, այլ դրանք հանել ու նորից տեղադրել չի լինի, ուստի անհրաժեշտ է գոնե դրսից կարգի բերել. «Քարերը ոնց որ դրված են եղել, այդպես էլ մնալու են։ Խնդիրները միշտ կային, բայց մենք ժամանակավոր լուծումներ էինք գտնում, որպեսզի անձրևաջրերի հեռացումը կազմակերպեինք։ Ներսի կողմից, եթե ուշադիր նայել եք, աղակալել են քարերը»։
Հուշահամալիր այցելություններն այս ընթացքում չեն դադարի։ Թանգարան–ինստիտուտի տնօրենը պնդում է՝ ամեն բան արել են, որպեսզի այցելուները ցանկացած պահի կարողանան գալ հուշահամալիր։
«Այս խոսակցությունները բավականին վաղուց էին սկսվել, գործընթացը երկար էր տևել։ Փաստաթղթերի հարցը կարգավորելուց հետո՝ շինարարները սկսեցին անցած տարվա կեսերին աշխատել, հիմա երկրորդ փուլով են շարունակվում աշխատանքնքները»,-ասաց Գզոյանը։
Աշխատանքները սկսելուց առաջ թանգարան-ինստիտուտի տնօրենը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ցույց էր տվել, թե ինչպես են անձրևաջրերի հետևանքով փչացել ոչ միայն հուշահամալիրի քարերը, այլև թանգարան-ինստիտուտի աշխատակիցների աշխատասենյակները։ Թե որքան կշարունակվեն նորոգման աշխատանքները՝ դա էլ չեն կարող հստակ նշել։ Բայց վստահեցնում են՝ հուշահամալիրը փակ չի եղել, հիմա փակ չի ու չի էլ լինի։ Որքան էլ երկար ընթանան աշխատանքները՝ Հուշահամալիր մուտքը չի փակվելու։
«Ասեմ, որ Հուշահամալիրի մուտքն ազատ է։ Ընդամենն այդ երեք մույթերն են փակված, մնացած 9 մույթերն ազատ են, հնարավոր է մտնել հուշահամալիր։ Հստակ խնդիր կար, որ այս նորոգման աշխատանքների ժամանակ ինչպես հուշահամալիրը, այդպես էլ թանգարանը պիտի շարունակեր աշխատել։ Աշխատանքների դանդաղ ընթացքն էլ դրա հետ է կապված»,-ասաց տնօրենը։
Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում նորոգման աշխատանքներն անհանգստացրել էին Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին, Առաջին