
Փաշինյանի հայտարարությունը նսեմացնում է կառավարության աշխատակիցներին. իրավապաշտպան
Ասելով՝ «կառավարությունը ես եմ, որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում չի կարող ունենալ», Փաշինյանը նսեմացնում է կառավարության մյուս անդամներին. ABC media-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Ժողովրդավարության հետ Նիկոլ Փաշինյանը կապ չուներ՝ անգամ մինչև այս հայտարարությունը: Իր վարքագիծը հենց այդպիսին է. ինչ ուզեմ՝ կանեմ: Հայաստանում միանձնյա կառավարում է տեղի ունենում, և մենք, ցավոք, դեռ հանդուրժում ենք այս ամենը»,-ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքով` նախկինում ևս եղել է այս գաղափարախոսությունը, պարզապես Նիկոլ Փաշինյանը այդ ամենը հիմա բարձրաձայնում է:
«Մենք արդեն տեսել ենք, որ նա հաղորդագրությամբ աշխատանքից ազատում է, իսկ կառավարության այն աշխատակիցները, ովքեր դեռ շարունակում են աշխատել նման պայմաններում և հանդուրժել երկրի ղեկավարի այստեսակ պահելաձևը, նրանք նմեսացված են: Ո՛չ օրենք կա, ո՛չ կանոն, Հայաստանում ոչինչ գոյություն չունի»,-ասել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Կառավարությունը ես եմ:
«Կառավարությունից ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել։ Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»,- ասել էր Փաշինյանը: