10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոմեքենաների պայթյուններ ՀՀ-ում․ 2025-ին գազալցակայաններում արձանագրվել է 98 խախտում

Ավտոմեքենաների պայթյուններ ՀՀ-ում․ 2025-ին գազալցակայաններում արձանագրվել է 98 խախտում

Երևանում և մարզերում ավտոմեքենաների պայթյունների դեպքերը շարունակում են աճել։ Ամիրյան փողոցում վերջերս գրանցված պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տուժել է, իսկ մասնագետները ահազանգել են՝ պատճառը գազաբալոնների տեղադրման և ճնշափորձարկման հաճախ բացթողումներն են։

Գազաբալոնը տեղադրվել է չլիցենզավորված կազմակերպությունում, որը չի ունեցել ՏԿԵՆ-ի հաստատած թույլտվություն։ Գազալցակայանում չի իրականացվել ճնշափորձարկման ստուգում, ինչն օրենքով պարտադիր է։

ՀՀ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության պետի ժ/պ Արամ Աղայանը մեզ հետ զրույցում նշել է, որ 2025 թվականի ընթացքում արդեն արձանագրվել է 98 խախտում գազալցակայաններում։

«Միայն այս տարվա ընթացքում 98 արձանագրություն է կազմվել գազալցակայաններում։ Բացի այդ, ճնշափորձարկման հինգ կայաններում հայտնաբերվել են խախտումներ՝ առանց տրանսպորտային միջոցը ստուգման ներկայացնելու դրական եզրակացություն տալու համար։ Այդ կազմակերպությունների նկատմամբ արդեն արձանագրություններ են կազմվել»,- ասել է Աղայանը։

Ըստ նրա՝ նմանատիպ դեպքերի կանխարգելման համար վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելը կարևոր առաջնահերթություն է։

Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ միայն ճնշափորձարկման կայաններում, այլև գազալցակայաններում։ Եթե գազաբալոնը չի անցել պարտադիր ստուգում, գազալցակայանը պարտավոր է արգելել լիցքավորումը՝ ընդգծել է Աղայանը։

«Խախտումների դեպքում սահմանված է 200․000 դրամ տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում այն կրկնապատկվում է»,- նշել է Աղայանը։

Վարորդների և ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով՝ միայն տուգանքները խնդիրը չեն լուծում։ Որոշ քաղաքացիներ առաջարկում են կիրառել ավելի խիստ մեխանիզմներ՝ խախտումը հայտնաբերելու դեպքում ժամանակավոր փակել լցակայանները։

«Քաղաքականությունը մշակվում է նախարարության մակարդակով, և անհրաժեշտության դեպքում առաջարկությունները կներկայացվեն Ազգային ժողովին»,- ընդգծել են գերատեսչությունից։

Ինչ անել, որ պայթյունները չկրկնվեն

Մասնագետները կարևորում են երեք հիմնական քայլ․ վարորդների պարտադիր տեխնիկական զննության վերահսկողության խստացում։ Լիցենզավորված կազմակերպությունների ցանկի հրապարակում՝ ապօրինի ծառայություններից խուսափելու համար։ Վարորդների իրազեկման բարձրացում գազաբալոնների ճիշտ տեղադրման և ճնշափորձարկման անհրաժեշտության մասին։

«Այս քայլերին պետք է հետևել ու պահպանել», – եզրափակել է Աղայանը։

Ռազմագերիներ