12 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ID ստանալու համար շտապող քաղաքացիները կարող են մարզերում ստանալ, իսկ ինչո՞ւ պետք է մարզեր գնան

ID ստանալու համար շտապող քաղաքացիները կարող են մարզերում ստանալ, իսկ ինչո՞ւ պետք է մարզեր գնան

Վերջին օրերին քաղաքացիները ահազանգում են, որ անձնագրային բաժանմունքներում ստեղծվել են հերթեր․ մարդիկ չեն կարողանում ժամանակին ստանալ նույնականացման քարտեր, որոնք անհրաժեշտ են հայտարարագրերի ներկայացման համար։ Շատերը նշում են, որ իրենց հերթագրման ժամկետները տրվել են նույնիսկ հաջորդ տարվա համար։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ABC media-ի հետ զրույցում վստահեցրել է, որ փակուղային իրավիճակ չկա․ «Հայաստանի ողջ տարածքում գործում են 47 անձնագրային ծառայություններ, որտեղ տեղադրված են կենսաչափական տվյալներ վերցնելու սարքեր։ Երևանում օրական թողունակությունը կազմում է մինչև 2000 դիմում, մինչդեռ առավելագույնը ստացվել է շուրջ 1400 դիմում։ Մարզերում գրեթե հերթեր չկան, և քաղաքացիները կարող են առանց դժվարության դիմել այնտեղ։ Երևանում էլ գործարկվել է «կենդանի հերթի» ձևաչափ, երբ քաղաքացին կարող է սպասել տեղում և, օնլայն գրանցված չներկայացածի դեպքում, ստանալ ծառայություն։ Եթե քաղաքացու ID քարտի պատրաստման ժամկետը դուրս գա հայտարարագրման վերջնաժամկետից, ապա խնդիր չի առաջանա։ Դիմում ներկայացնելը բավարար է հայտարարագրումից բխող հետևանքներից խուսափելու համար»,- ասել է Դավթյանը։

Իսկ ԱԺ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը համոզված է, որ իրավիճակը վկայում է իշխանության կառավարման ձախողման մասին:

«Իշխանությունը մշտապես մեղավոր է որոնում՝ մի օր քաղաքացիներն են, մյուս օրը համակարգը։ Բայց սա ուղիղ պետական ծառայություն է․ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու իրավունքը և ծառայել նրան»,- նշել է Թովմասյանը։

Պատգամավորը շեշտել է, որ մարզեր ուղարկելը խնդրի լուծում չէ․ «Բոլոր քաղաքացիները հնարավորություն չունեն ժամանակ ու գումար ծախսելու համար, որ հեռավոր մարզ գնան։ Եթե Երևանում են ապրում, ծառայությունը պետք է հասանելի լինի հենց այստեղ»,- ընդգծել է պատգամավորը։

Եթե Միգրացիայի ծառայությունում վստահեցնում են, որ հերթերը կառավարվող են և քաղաքացիները խուճապի հիմքեր չունեն, ապա ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը մեղադրում է անպատասխանատու կառավարման և քաղաքացուն մեղավորի դիրքում դնելու համար։

Ռազմագերիներ