
Ուռուցքային հիվանդություններ, սրտանոթային, շնչառական խնդիրներ. ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել Նուբարաշենի աղբավայրից առաջացած թունավոր ծուխը
Օդի աղտոտվածությունը, որն առաջացել էր Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով, մտահոգել է Երևանի բնակիչներին: Մի քանի օր շարունակ քաղաքացիները ստիպված են եղել գտնվել թունավոր ծխի ամպի տակ՝ շնչելով առողջության համար վտանգավոր օդ։
Ըստ սրտաբան Նաիրա Թովմասյանի՝ Նուբարաշենի աղբավայրի այրման հետևանքով առաջացած թունավոր ծուխը՝ հատկապես պլաստիկի և տարբեր նյութերի այրման արգասիքները, որոնք ընդգրկել են Նուբարաշենի և հարակից վարչական տարածքները, ուղիղ վտանգ են ներկայացնում հատկապես սրտային և շնչառական հիվանդություններ ունեցողների համար։ Այս տեսակի արգասիքները կարող են առաջացնել թե՛ սուր շնչառական վնասներ, թե՛ նպաստել քրոնիկ և ուռուցքային հիվանդությունների աճին՝ երկարաժամկետ ազդեցության դեպքում։
«Մեծաքանակ աղտոտվածությունը կարող է ունենալ զգալի ազդեցություն, որը կդառնա շարունակական, եթե նման այրումները պարբերաբար կրկնվեն։ Եվ այստեղ խոսքը ոչ միայն ուռուցքային հիվանդությունների, այլև շնչառական համակարգի սուր և քրոնիկ հիվանդությունների մասին է։ Հայաստանում ոչ միայն ուռուցքային հիվանդությունների աճ է գրանցվում, այլև շնչառական ուղիների հիվանդությունների։ Իհարկե, հիմնական պատճառը ծխելն է, բայց օդի քրոնիկ ախտոտվածությունը, օդում փոշու բարձր մակարդակը և, այո՛, պլաստիկի ու այլ նյութերի այրման արգասիքները միանշանակ կարող են նպաստել ուռուցքային հիվանդությունների աճին»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Թովմասյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել էր դեպքի վայր՝ աշխատանքները համակարգելու նպատակով: Այդ օրերին Առողջապահության նախարարությունը բնակչությանը՝ հատկապես խոցելի խմբերին՝ ծերերին, երեխաներին, հղի կանանց, սրտանոթային և շնչառական հիվանդություն ունեցողներին հորդորել են նվազագույնի հասցնել բացօթյա տարածքում գտնվելը: