
Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ձերբակալված ռեկտորը, ի՞նչ ճանապարհ է անցել և ինչպե՞ս էր ընտրվել
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Վերհիշենք՝ ով է Գևորգյանը, ինչ ճանապարհ է անցել և ինչպես է ընտրվել ռեկտոր:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն է 2022 թվականից։
Նախքան ռեկտորի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, եղել Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ։
2016 թվականից առ այսօր Հոգեբանություն մասնագիտական խորհրդի նախագահ է, իսկ 2020 թվականից՝ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Հեղինակ և համահեղինակ է հինգ ուսումնամեթոդական ձեռնարկի, մեկ բառարանի, ավելի քան 100 գիտական հոդվածի:
Ռեկտորի պաշտոնում Գևորգյանի ընտրությունն առանց սկանդալների չէր անցել. 2022 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էին խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել էր իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր էին ուղղել բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ էր ունեցել խորհրդի 7 անդամ, ձևավորվել էր հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ: Խորհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն էին հայտնել ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։
Նիստի երկրորդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկել էր ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Նա ներկայացրել էր բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չէր առաջադրվել։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդել էր Ժաննա Անդրեասյանին՝ նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։
ԺՊ նշանակվելուց ամիսներ անց, նույն կազմը ևս մեկ նիստ էր գումարել, որի ժամանակ Գևորգյանն ընտրվել էր ռեկտոր։ Ըստ մամուլի՝ վերջինս Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է։


