
Իտալիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը
Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցել են Festival della Diplomazia ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը։ Ներկա են եղել Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ:
Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը․ ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները կարևորել են ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ ՀՀ դեսպանը հատուկ նշել է դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները:
Ելույթներից հետո դեսպանները պատասխանել են ուսանողների հարցերին:


