
Գյումրի սեմինարի էին գնում, բայց տեղ չհասան․ ի՞նչ է հայտնի վթարից մահացած բժիշկների մասին
Գյումրի-Երևան ճանապարհը՝ վերջին հանգրվան երկու բժիշկի համար։ Երևանի բժշկական կենտրոններից մեկի երկու բժշկի ողբերգական մահը ցնցել է ոչ միայն մասնագիտական հանրությանը, այլև՝ բոլորին։
ABC Media-ն երեկ էր գրել, որ հոկտեմբերի 24-ին նույն ԲԿ-ի երկու բժիշկ է մահացել։ Ի՞նչ է հայտնի նրանց մասին։ ABC Media-ն տեղեկացավ, որ բժիշկները Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք են ուղևորվել սեմինարի։
- «Մասնագիտական սեմինար է եղել՝ նյարդաբանության հետ կապված։ Դասախոսություններ ունեին, բայց, ցավոք, տեղ չհասան։ Իրենց մեքենայով չեն եղել, տաքսիով են եղել»,- ասաց ABC Media-ի զրուցակիցը։
Մեզ հայտնեցին, որ երեկ մահացած Կարինե Սաղաթելյանը, որ, երկու օր կոմայում մնալով, այդպես էլ գիտակցության չէր եկել, ոլորտի առաջատար մասնագետներից էր։ «Բացասական որևէ բան չենք լսել կամ տեսել»,- նշեց բժշկական ոլորտից քաջատեղյակ մեր զրուցակիցը։
Իսկ ի՞նչ են պատմում Աշոտ Քոսյանի մասին։ «Նա ոլորտի առաջատարներից էր՝ գիտնական բժիշկ։ Մարդկային էր, հասնում էր բոլորին, քաղաքացիների գանգատները լսում համբերատար, ամեն մեկին ցուցաբերում անհատական մոտեցում։ Սեր-հարգանք էր վայելում ոչ միայն պացիետների, այլև բժիշկների շրջանում։ Փորձը, գիտելիքը, իմացածն ու հմտությունները սիրով փոխնացում էր կրտսեր գործընկերներին»,- ավելացրեց մեր զրուցակիցը։


