
Հայտնի է՝ ինչ մեղադրանք է առաջադրվել Վահան Քերոբյանին․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:
12 անձի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, 7 անձ ձերբակալվել է։ ABC media-ի տեղեկություններով՝ այդ 7 անձից մեկը Վահան Քերոբյանն է, ով նշված ժամանակահատվածում որևէ պաշտոն չի զբաղեցրել, զբաղվել է գործարարությամբ, եղել է «Սթար Դիվայդ» ՓԲԸ գործադիր տնօրենը, ապա հիմնադրել է Menu Group-ը։
Նրան մեղսագրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանք։
ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք՝ որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:
Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:
Այնուհետև, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք և խարդախություն կատարելով ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:
Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում և դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների, ձեռնամուխ են եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:


