
Ավերվող Արցախն ու մեր ավերվող գիտակցությունը
Խանութում ուշադրությունս գրավում է տարիքին անհամապատասխան հասունությամբ առևտուր անող փոքր տղան։ Խոսքում հարազատ հնչյուններ եմ որսում։ Արցախից տեղահանվելուց հետո առաջին ամիսներին արցախյան բարբառի ցանկացած հնչյուն լսելիս արձագանքում էի, մոտենում, ծանոթանում, խոսում։ Պարտադիր ճշտում, թե որ շենից են եղել։ Արցախի գյուղերի հարազատ անունները լսելիս ասես ինքս ինձ հաստատում էի, որ Արցախը երազ չի եղել, որ Կոճողուտն ու Խնուշինակը, Դրախտիկն ու Քարինտակն իրոք գոյություն են ունեցել։
Հետո կամաց-կամաց սկսեցի էլ չարձագանքել։ Արցախյան բարբառը Երևանում ու Վանաձորում սկսեցի շատ հաճախ լսել, վախենամ ասել՝ սովորական դարձավ։
Այս փոքրիկին, սակայն, մոտեցա։ «Որտեղի՞ց ես», հարցրի։ «Երկրորդ դպրոցից», «Չէ, չէ, տյու շտըղանը՞ս», «Հաաա, Ղարաբաղից ենք եկել», հասկացավ հարցս։ «Որտեղի՞ց, ո՞րն էր ձեր շենը»։ «Բա ես ի՞նչ գիտեմ», արդար վրդովմունքով հակադարձեց։ Հա էլի, ինքը որտեղի՞ց իմանա։ Տեղահանվելիս առավելագույնը 4-5 տարեկան է եղել։ Չի հիշում իր շենը։ Տանը հաստատ խոսում են, բայց շենի անունն ինքը չի հիշում։
Արցախն ինձ նորից ցնորք թվաց. եթե փոքրիկ արցախցին չի հիշում իր գյուղը, սա չի՞ նշանակում արդյոք, որ այն չկա։
Փոքրիկի գյուղը, հնարավոր է, իր գինիներով հայտնի բարձրադիր Բերդաշենն է, կամ խաղողի այգիներով զարդարված Սոսը, հերոսական ու մի քիչ խենթ Հաթերքը, կամ աստղերի անձրևից ծնված Աստղաշենը…
Ընդամենը երկու տարի առաջ մենք մեր դրախտային հայրենիքի մի ամբողջական կտոր վերջնականապես կորցրինք։ Բաց թողնելով Արցախի մեր բոլոր շեների դուռ ու դարպաս՝ մենք գլխիկոր հեռացանք միջազգայնորեն անճանաչ մեր տանից։ Ու թողեցինք Արցախում հազարամյա պատմություն, հազար հայկական եկեղեցի ու խաչքար, ազգային արժանապատվություն ու պատիվ։
Արցախը հարկադրված թողնելուց հետո մեզ մեր միջազգայնորեն ճանաչված հատվածում նոր հարկադրանք էր սպասում. մոռացումի հարկադրանքը։ Մոռանալ Արցախը, Արցախի ու իր բոլոր շեների անունները, մոռանալ պատմություն, հայրենիք, մոռանալ պատիվ ու արժանապատվություն, «որ հանգիստ ապրենք» մոռացումի քաղցր խաբկանքում։
Նյարդերից պինդ մարդիկ նայում են տեսանյութեր այսօրվա Արցախից, որտեղ ավերվում ու ձևախեղվում են տներ, շենքեր, կառույցներ։ Ես ավելի մեծ սարսափով նայում եմ, թե ինչպես է պատմությունը ջնջնվում հավաքական հիշողությունից։ Ինչպես է Արցախը ջնջվում մեր հավաքական գիտակցությունից, դառնում ցնորք, երազ հեռավոր, Երկիր Նաիրի…
Թամարա Գրիգորյան


