26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաժան ծեծ և նվաստացում՝ անչափահասների մասնակցությամբ․ ինչպե՞ս են Զորականի գործով 5 կալանավորվածները հայտնվել ազատության մեջ

Դաժան ծեծ և նվաստացում՝ անչափահասների մասնակցությամբ․ ինչպե՞ս են Զորականի գործով 5 կալանավորվածները հայտնվել ազատության մեջ

Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ մեկնաբանելով Զորականում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցածը՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին։ Նշված 5 անչափահասներն այսօր ազատության մեջ են։

ABC Media-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը նրանցից մեկին 1 ամսով, 3-ին՝ 20 օրով կալանավորելու որոշում է կայացրել, իսկ անչափահասներից մեկի նկատմամբ տնային կալանք է սահմանվել։

Ժամկետների լրանալուց հետո ՔԿ-ի՝ կալանքը երկարաձգելու միջնորդությունը, սակայն, մերժվել է։ Անչափահասներից միայն մեկի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելքով։

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվել էր երեկ։ Դրանում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ, ծեծում, նվաստացնում իրենց հասակակցին և տեսանկարահանում ընթացքը։

Համացանցում աղմուկ էր բարձրացել, արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ։

Ըստ տարածվող տեղեկության՝ անչափահասին ծեծողներից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ…. Ըստ իս՝ միանշանակ ոչ»,- գրել է իրավապաշտպան Դավիթ Թումասյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է հայտարարություն տարածել դեպքի կապակցությամբ։

«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն»,- հայտնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

 

Ռազմագերիներ