
Ղուկասյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. Զարուհի Փոստանջյանն ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ABC Media-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, թե «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն ինչ կեղծ տեղեկություններ է ներկայացրել պատկան մարմիններին:
Ըստ Փոստանջյանի՝ Ղուկասյանի շաքարային դիաբետը չի կարող թեթև համարվել, քանի որ այն բարձրանում է մինչև 20 և կարող է իջնել մինչև 2: Փաստաբանն ընդգծեց, որ տվյալ հիվանդությունը ներառված է Կառավարության՝ «կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների» ցանկում:
Փոստանջյանը պնդում է՝ կան անհրաժեշտ բազմաթիվ ստուգումներ, որ չեն իրականացվել, այսինքն՝ Վարդան Ղուկասյանին պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվել։
«Կա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոյեմբերի 7-ի էպիկրիզը։ Այդտեղ հստակ ցուցում կա, որ կոնտրաստային նյութով «ԿՏ» պետք է արվի՝ անևրիզմայի չափը ստուգելու համար։ Բայց անցել է շուրջ մեկ ամիս, ու դա չի ստուգվել»,- ասաց Փոստանջյանը:
Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ էր հրապարակել ԱԱԾ մեկուսարանի մոտից և տեղեկացրել, որ Ղուկասյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել։


