03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դո՛ւք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը․ Վեհափառը դիմեց ժողովրդին

Դո՛ւք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը․ Վեհափառը դիմեց ժողովրդին

Կալանավորված մեր 4 սրբազաններն աննկուն են ոգով և քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները․ դիմելով օդանավակայանում իրեն դիմավորելու եկած բազմությանը՝ ասաց Վեհափառ հայրապետը։

«Նրանք համբերում են հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի և արդարացված պետք է դուրս գան փորձությունից՝ վերադառնալով եկեղեցանվեր ու ազգաշեն ծառայությանը»,- նշեց նա։

Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռն իշխանություններին հայտարարություններով և կոչերով բազմիցս է դիմել՝ վերջ դնել հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին։

«Հակառակ ստեղծված դժվարին կացության՝ որպես Հայրապետ հայոց և Եկեղեցական ազգային ժողովից տրված իշխանությամբ՝ Մայր Աթոռի միաբանության և թեմերի հոգևորականների հետ միասին պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել ժողովրդին։

Հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի՛ հայորդիներ, արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը կարող ենք դարձնել մեր կյանքի բարձրագույն արժեքն ու այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր, պայծառ օրը»,- շեշտեց կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդը գնահատանքի խոսք ուղղեց այն հոգևորականներին, որ այս օրերին քաջաբար ծառայում են եկեղեցուն և ժողովրդին․ «Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրե՛ք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրաններն ու լուսամիտ մեր հայրապետների պատգամները»։

Վեհափառը դիմեց նաև ժողովրդին՝ ասելով, որ պետք է կարողանանք հաղթահարել դժվարին ժամանակներն ու դուրս գալ փորձություններից։

«Դո՛ւք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն, հաստատակա՛մ մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրումի և հավատարմության մեջ»,- հավելեց նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ