
Եկեղեցիներ զավթող բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ․ սրբազաններ
Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացյալների իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար․ ԱԱԾ մեկուսարանից նամակ-ուղերձ են հղել կալանավորված հոգևորականները՝ Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանները։
«Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։
Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։
Սույն հանցավոր զինված բանդայի դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը «գտած», սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցագործ սուբյեկտների կողմից։ Սակայն վստահ ենք՝ պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝ խղճի կալանավորներս։
«Եթե Աստված մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»,- նամակով փոխանցել են անազատության մեջ գտնվող բարձրաստիճան հոգևորականները։




