
Դավթաշենը՝ փոսերի մեջ․ ե՞րբ են փոսալցման աշխատանքներ կատարելու (լուսանկարներ)
Դավթաշեն վարչական շրջանում փոսալցման աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Առատ տեղումներից հետո այս վարչական շրջանում առաջացել են խոր փոսեր, որոնք վնասում են բնակիչների ավտոմեքենաները։ Որոշ հատվածներում դրանք շրջանցել պարզապես հնարավոր չէ։
Վարչական շրջանի բնակիչները դժգոհ են նաև աղբահանությունից։ Մասնավորապես 196 դպրոցին հարակից շենքերի բակերը լցված են աղբով։
Դավթաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնից ABC Media-ին փոխանցեցին, որ փոսալցման աշխատանքներն իրականացնելու են մյուս շաբաթ։
«Շինարարության տենդերն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, տեխհսկողության տենդերը ևս կայացել է, մնում է պայմանագրերը կնքել, եկող շաբաթվա վերջին կմեկնարկեն աշխատանքները»,-ասել է կոմունալ բաժնի աշխատակիցը։
Աղբահանություն, ըստ մեր զրուցակցի, ևս իրականացնում են։ Մեր կողմից նշված հատվածը տասը օր առաջ են մաքրել․ «Գրաֆիկով է, հերթով մաքրելով պտտվում ենք, եթե խնդիր կա՝ նորից կգնանք այդ հատված»։
Նշենք, որ քաղաքապետարանի գործակարգավարական գրեթե բոլոր նիստերում փոսալցման աշխատանքների մասին քննարկումներ են լինում։ Քաղաքային իշխանութունը շարունակ վստահեցնում է, որ ինտենսիվ աշխատանքներ են կատարում, ի հակադրում այս հայտարարությունների՝ ABC Media-ն շարունակում է լուսանկարներ ու տեսանյութեր ստանալ մայրաքաղաքի տարբեր հատվածներից։


