24 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը դե յուրե ունի պետականություն, սակայն դե ֆակտո գտնվում է ուժեղ արտաքին ազդեցությունների տակ․ Արմեն Այվազյան

Հայաստանը դե յուրե ունի պետականություն, սակայն դե ֆակտո գտնվում է ուժեղ արտաքին ազդեցությունների տակ․ Արմեն Այվազյան

ABC ինտրվյուի հյուրը պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանն է։ Նրա հետ խոսել ենք տարածաշրջանային մի շարք խնդիրների, Իրանի դեմ հարձակման, ինչպես նաև այն մարտահրավերների մասին, որոնք այժմ ծառացած են մեր երկրի առջև։ Զրուցել ենք պատմության դասագրքերում Վարդանանց պատերազմի ներկայացման և վերջին տարիներին Հայոց պատմության խեղաթյուրման տենդենցների մասին։

 Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս միջազգային իրավիճակը և ինչպիսի զարգացումներ կարող են լինել մոտ ապագայում։

–Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային քաղաքական համակարգը, որը հիմնված էր ՄԱԿ-ի, միջազգային իրավունքի և որոշակի կանոնների վրա, այսօր աստիճանաբար քանդվում է։ Այդ համակարգը, որքան էլ կատարյալ չէր, այնուամենայնիվ թույլ էր տալիս պահպանել հարաբերական կայունություն և կանխել խոշոր պատերազմները։ Այսօր, սակայն, այդ կանոնները խախտվում են հենց այն ուժերի կողմից, որոնք ժամանակին դրանց հիմնական կրողներն էին՝ առաջին հերթին Միացյալ Նահանգները և մի շարք այլ մեծ տերություններ։ Իմ գնահատմամբ՝ դրա հիմքում ներքին տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներն են։ Այս երկրներում՝ մանավորապես Միացյալ նահանգներում կուտակված լարվածությունը փորձում են ժամանակավորապես մեղմել արտաքին էքսպանսիայի միջոցով՝ տիրանալով այլ երկրների ռեսուրսներին և ընդլայնելով իրենց ազդեցությունը։

Այս քաղաքականությունը միաժամանակ ծառայում է երկու նպատակի՝ արտաքին ռեսուրսների վերահսկում և ներքին դժգոհությունների ճնշում։ Նման գործընթացներ մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և հարակից տարածաշրջաններում։ Ընդհանուր տրամաբանությունը պարզ է՝ թույլ չտալ, որ այլ ժողովուրդներ ինքնուրույն զարգանան կամ ազատագրվեն։ Այս քաղաքականությունը  միաժամանակ թույլ է տալիս կանխել սեփական համակարգերի ներսում հնարավոր «պայթյունները»։

Այս համատեքստում՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակը տարածաշրջանում հայաստանյան գործընթացների վրա։

-Հայաստանը և Արցախը հայտնվել են այդ գլոբալ գործընթացների հարվածի տակ։ Դա պատահական չէ, քանի որ մենք երկար տարիներ հանդիսացել ենք ազատագրական պայքարի գաղափարի մարմնավորում։ Արցախը, թեև դե յուրե միավորված չէր Հայաստանին, իրականում 1991 թ․-ից մինչև 2023 թվականը եղել է Հայաստանի դե ֆակտո մաս՝ ռազմական, տնտեսական, մշակութային և ժողովրդագրական առումներով։ Այդ իրականությունը չէր կարող ընդունելի լինել այն ուժերի համար, որոնք դեմ են ինքնորոշման և ազատագրական շարժումներին։

Այսօր հաճախ խոսվում է «խաղաղության» մասին, սակայն իրականում աշխարհում տեղի ունեցող գործընթացները հակառակն են ապացուցում։ Երբ ասում են՝ պատերազմ չի լինի, որովհետև խաղաղություն կա, դա պարզապես չհիմանվորված հայտարարություն է, որը կապ չունի իրականության հետ։ Նույն տրամաբանությամբ ցանկացած լարված տարածաշրջան կարելի է «խաղաղ» հայտարարել, եթե ակտիվ պատերազմական գործողություններ չկան։

-Ի՞նչ զարգացումներ եք տեսնում Իրանի շուրջ, և ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։

-Պետք է հասկանալ, որ Իրանը սովորական պետություն չէ։ Դա մեծ տարածք է, մեծ բնակչություն և հզոր բանակ ունեցող երկիր է։ Ցամաքային պատերազմ նրա դեմ գրեթե անհնար է, իսկ միայն օդային հարվածներով ցանկալի արդյունքի հասնելը՝ կասկածելի։

Այս ամենը կարող է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի պատճառ դառնալ։ Հայաստանի համար Իրանը կենսական նշանակություն ունի, քանի որ վերջին տարիներին հենց Իրանը բացահայտորեն հակադրվեց Ադրբեջանի հնարավոր ագրեսիային, հատկապես Սյունիքի ուղղությամբ։ Այդ առումով Իրանն այսօր Հայաստանի անվտանգության կարևորագույն գործոններից է։

–Ինչպիսի՞ ներքաղաքական իրավիճակ է այսօր մեր երկրում և ի՞նչ «հաջողություններ են գրանցել» իշխանությունները եկեղեցու դեմ պայքարում։

–Եկեղեցու դեմ արշավը չի կարող վերջնական հաջողության հասնել, սակայն այն արդեն իսկ լուրջ վնաս է հասցնում հասարակությանը։ Նպատակը պարզ է՝ պառակտել հայ ժողովրդին։

Հայոց եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Այն ազգային ինքնության հիմնասյուներից է։ Հետևաբար՝ եկեղեցու դեմ հարվածը հարված է ազգային ինքնությանը,
պատմական հիշողությանը,
մշակույթին, և Հայաստան–սփյուռք կապերին։

Այս ամենը, իմ համոզմամբ, իրականացվում է արտաքին ազդեցությամբ, իսկ ներսում՝ գործող իշխանության միջոցով։ Արդյունքում ձևավորվում է ներքին լարվածություն, որը որոշ իմաստով կարելի է համարել «ոչ դասական» քաղաքացիական հակամարտություն։

–Իշխանությունների կողմից նախաձեռնած պատմության վերափոխումը վերաիմաստավորու՞մ է, թե՞ նենգափոխում, և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ միջոցառումը։

–Պատմության աղավաղումը ուղղված է ազգային ինքնության թուլացմանը։ Երբ պատմության մեջ հաղթանակները ներկայացվում են որպես պարտություն, իսկ հերոսները՝ որպես սխալ գործի համար պայքարի դուրս եկած գործիչներ, դա ազդում է հասարակության հոգեբանության վրա։

Օրինակ՝ Վարդանանց պատերազմը ներկայացվում է որպես պարտություն, մինչդեռ իրականում այն առնվազն ոչ–ոքի էր մարտավարական առումով և հաղթանակ՝ ռազմավարական իմաստով։ Նման խեղաթյուրումները նպաստում են այն գաղափարին, որ պայքարը թշնամու դեմ անիմաստ է։

Մինչդեռ պատմական իրականությունը հակառակն է ցույց տալիս՝ մեր ժողովուրդը բազմիցս պայքարել է և հասել արդյունքների։

-Այսօր այդքան մոդայիկ դարձած դավաճան Վասակ Սյունու կերպարի վերաիմաստավորումը ինչի՞ համար է արվում։

–Վասակ Սյունուն «արդարացնելու» փորձերը նոր չեն։ Դրանք սկսվել են դեռևս 20-րդ դարի սկզբից և ունեցել են քաղաքական նպատակներ։ Վասակը պատմականորեն համագործակցել է Սասանյան իշխանության հետ, մասնակցել հայկական ուժերի դեմ գործողություններին և հանդես եկել ազգային շահերին հակառակ դիրքերից։ Այսինքն՝ նրա դավաճանական կերպարը փաստերով հիմնավորված է։ Այսօր այդ կերպարի «մեղմացումը» նպատակ ունի արդարացնել թշնամու հետ տարվող  համագործակցային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես «դիվանագիտություն»։ Սա վտանգավոր մոտեցում է, քանի որ խաթարում է արժեքային սահմանները՝ հերոսի և դավաճանի միջև։

Տարածաշրջանային լարվածության պայմաններում ի՞նչ միջոցառումների անհրաժեշտություն եք տենում։

-Միջոցառումների անհրաժեշտություն, իհարկե կա, բայց դրանք պահանջում են հստակ ռազմավարություն։ Առաջին հերթին՝ օրվա հրամայական է ունենալ ուժեղ բանակ՝ առնվազն երկու տարվա ծառայությամբ, մեծ ռեզերվով, և աշխարհազորայիններով։ Բացի այդ, կարևոր է քաղաքացիական պաշտպանության զարգացումը՝ ապաստարաններ, պատրաստվածություն և կազմակերպվածություն։

Պետք է շեշտել, որ ամենակարևոր գործոնը գաղափարականն է։ Առանց ազգային ինքնության, առանց ճիշտ պատմական գիտակցության բանակը չի կարող լինել մարտունակ։ Մարտական ոգին ձևավորվում է ոչ թե տեխնիկայով, այլ արժեքներով։

Ինչպե՞ս կբնութագրեք ներքաղակական ընդհանուր իրավիճակը Հայաստնում։

–Ընդհանուր առմամբ իրավիճակը ծանր է։ Հայաստանը դե յուրե ունի պետականություն, սակայն դե ֆակտո գտնվում է ուժեղ արտաքին ազդեցությունների տակ։

Հայ ժողովուրդը ենթարկվում է բազմակողմանի ճնշումների՝ քաղաքական, տեղեկատվական և մշակութային։ Այս պայմաններում առաջնային խնդիրն է պահպանել ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը և դիմադրելու կարողությունը։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026