50 հազար դրամանոց նստարանները քաղաքապետարանը 137 հազար դրամով է գնել. ակտիվիստը գողության մասին է ահազանգել
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգում է․ Երևանի քաղաքապետարանում գողություն է տեղի ունեցել: Ակտիվիստի խոսքով՝ քաղաքապետարանում գողացել են 6 մլն 525 հազար դրամ գումար։
Չախոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն խոսում է իր ահազանգի մասին։
Ըստ ակտիվիստի՝ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը նշեց, թե 2023 թվականի ընթացքում վարչական շրջանում տեղադրվել են 220 հատ մետաղական հիմնակմախքով, 75 հատ մետաղական հիմնակմախքով տերասային նստարաններ, բայց իրականությունն այլ է։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարներից ակնհայտ է դառնում, որ այդ նստարանները տերասային տախտախներից պատրաստված չեն։ Դրանք չան տեսակի փայտե նստարաններն են, որոնք List.am-ում արժեն 50 հազար դրամ, իսկ իրենց նշած աթոռների արժեքը 137 հազար դրամ է»,-հայտարարել է Չախոյանը։
Չախոյանի խոսքով՝ քաղաքապետարանը գնել է 50 հազար դրամանոց նստարաններ, բայց դուրս է գրել 137 հազար դրամ՝ մեկ նստարանի համար։
«Գրիչի մեկ հարվածով թղթով 137 հազար դրամանոց տերասային տախտակներով աթոռներ են գնել, իսկ իրականում տեղադրել են 50 հազար դրամանոց նստարաններ։ Նստարաններն ամբողջապես տեղադրված է, զեկուցած է, այսինքն էժանանոց 50 հազար դրամանոց աթոռները տեղադրել են, բայց դրանց համար վճարել են 137 հազար դրամ»,֊ասել է ակտիվիստը։
Ակտիվիստը պնդում է, որ սա ակնհայտ գողություն է և այն պետք է ստանա իրավական ընթացք, որով ինքն է զբաղվելու անձամբ։