25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Արեշում տեղի ունեցած պայթունից տուժել է մոտ 30 ընտանիք

Նոր Արեշում տեղի ունեցած պայթունից տուժել է մոտ 30 ընտանիք

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթունի հետևանքով տուժել է մոտ 30 ընտանիք։ ABC media-ի հետ զրույցում ասել է վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արթուր Օսիպյանը։ 

«Այս պահին աշխատանքները շարունակվում են։ Դեռ չկա հստակ  թիվ, թե քանի մարդ է տուժել, բայց նախնական կարող եմ ասել, որ 30 ընտանիք է պայթունից տուժել։ Կան տներ, որոնց պատուհանները, տանիքը վնասվել են։ Կան շինություններ, որոնք մի քանի մետր հեռավորության վրա անգամ կիսով չափ ավերվել են»,- ասել է Օսիպյանը։

Նրա խոսքով՝ համանքի սոցիալական բաժինը զբաղվում է տուժած բնակիչների կարիքները հոգալու հարցերով։

«Եթե կան համեմատաբար հեշտ լուծվող խնդիրներ, մենք փորձում ենք տեղում լուծում տալ։ Մարդիկ, որոնք պայթունից կորցրել են իրենց տունը, տեղավորված են հիմնականում բարեկամների տանը։ Դրսում մնացած մարդ չկա»,- նշել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի խորհրդականը։

Ըստ Օսիպյանը՝ քաղաքապետարանը ևս զբաղվում է տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցով։ Մեծ ծախսերի հետ է կապված՝ նշում է պաշտոնյան ու շեշտում․«Գույքագրման աշխատանքները շարունակվում են։ Օրվա վերջում կունենանք հստակ պատկերը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 11։36-ին, Երևանի՝ Նոր Արեշ 34-րդ փողոցում պայթուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու քաղաքացի մահացել է, երկուսը՝ վիրավորվել։