Հայաստանում սահմանադրական հեղաշրջում է տեղի ունենում․ Չալաբյան
Սահմանադրական բարեփումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման. հայտարարել է Սահմանադրական շարժման ձևավորման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Գործող վարչակազմը բացահայտ հայտարարում է, որ Սահմանադրություն փոխում են Բաքվի պարտադրանքով։ Նշում են նաև, որ եթե չփոխենք, պատերազմ կլինի։ Նրանք ցանկանում են, ժողովրդին շանտաժի ենթարկելով, հաստատել հակասահմանադրական այնպիսի մի կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։ Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում օտարել հայությանը իր ստեղծած պետությունից, զրկել նրան պատմական իրավունքից, մշակութային ժառանգությունից, վերացնել հայ մարդու հիշողությունն ու արժանապատվությունը, իր պատմական հայրենիքում որպես լիարժեք քաղաքացի ապրելու բնական իրավունքը»,- հայտարարել է Չալաբյանը։
Վերջինիս խոսքով՝ իշխանությունը ժողովրդին նորից ընտրության առաջ է կանգնեցրել, այս անգամ՝ անպատվության ու պատերազմի միջև։ Անպատվություն ընտրողն արդյունքում ստանում է թե՛ պատերազմ, թե՛ պարտություն, թե՛ կրկնակի անպատվություն:
«Մենք՝ «Հայաքվե» նախաձեռնության մասնակիցներս ու համախոհներս, միշտ պայքարել ենք Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակները իրականություն դարձնելու համար։ Մինչև այսօր նախաձեռնությունը բախվել է իշխանության կատաղի դիմադրությանը, ինչը միայն կրկնապատկում է մեր ջանքերը։ Մենք նորից վճռական հանձնառություն ենք ստանձնում՝ պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսած հակազգային ու հակապետական գործընթացի դեմ»,- նշել է Չալաբյանն ու ընդգծել՝ մեզ հասու օրինական բոլոր միջոցներով խոչընդոտելու ենք այդ գործընթացների իրականացմանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք է։ Այն նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։