27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդշինբանկը հայտարարում է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին

Արդշինբանկը հայտարարում է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին

Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

HSBC Հայաստանն ունի իր հավատարիմ հաճախորդների լայն շրջանակը Հայաստանի ողջ տարածքում ու մասնագիտացած է առաջատար հայկական ընկերությունների և անհատ հաճախորդների սպասարկման մեջ։ Պատմականորեն կենտրոնացած լինելով կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վրա՝ բանկի վերջին տարիների աճը պայմանավորված է մանրածախ բանկինգի ու ակտիվների կառավարման ծառայությունների մատուցմամբ։

HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:

Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC-ի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Բոլոր թույլտվությունները ստանալուն պես Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը: Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»: