28 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդենիսում լարված իրավիճակ է․բնակիչները բողոքում են

Վարդենիսում լարված իրավիճակ է․բնակիչները բողոքում են

Վարդենիսի և համայնքի գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Պատճառը Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակի փակումն է։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Վարդենիս համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը։

«Այս պահին Գեղարքունիքի մարզպետը հանդիպում է ունենում վարդենիսցիների հետ։ Քանի որ անձնագրային բաժինը համայնքին չի պատկանում, մենք հստակ տեղեկություն չունենք՝ այն կփակվի, թե՝ ոչ, բայց չճշտված տեղեկությունները այդ մասին անընդհատ շրջանառվում են։

Մենք դեմ ենք բաժինները փակելու որոշմանը։ Մի քանի անգամ կառավարությանը, համապատասխան այլ օղակների դիմել ենք, որ չփակեն։ Մի քանի անգամ էլ առաջարկել ենք՝ եթե անձնագրային բաժինը փակվելու է, դրա գործառույթը համայնքապետարանը կարող է իրականացնել։ Այդ առաջարկին պատասխան չեն տվել մինչ օրս»,-նշել է Պետրոսյանը։

Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարել է տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում։ Ի դեպ, այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր նաև Փաշինյանը։