Եվրոպայի առաջնությունից վերադարձած ազատոճայիններին զուռնա-դհոլով դիմավորեցին
«Զվարթնոց» օդանավակայանում երաժշտությամբ և աղուհացով դիմավորեցին Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ ոսկե մեդալ նվաճած ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանին, քառակի չեմպիոն դարձած Արսեն Հարությունյանին և բրոնզի արժանացած Մեժլում Մեժլումյանին. այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին, իսկ եզրափակիչում` թուրք Մուհամմեդ Կարավուշին, լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալը շատ դժվարությամբ է տրվում։
«Թվում է` գորգի վրա ես շատ հեշտ հաղթեցի մրցակիցներին, բայց իրականում դժվար ճանապարհ եմ անցել։ Պատրաստ եմ այդ դժվար ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն կարողանամ օլիմպիական ոսկի ունենալ»,– ասել է նա։
Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերին` ըմբիշը նշեց, որ գորգ դուրս գալը հոգեբանորեն ծանր էր, բայց հաղթելը դժվար չէր։
Եվրոպայի քառակի չեմպիոնը մարտական է տրամադրված և պատրաստ է ապագայում ավելացնել ոսկե մեդալների քանակը։
«Աստված առաջ, ինչքան կարողանամ, այդքան հաղթելու եմ»,– ընդգծել է Հարությունյանը։
Նա նշեց, որ հաղթանակի հասնելու հարցում շատ են օգնել նաև տրիբունայում գտնվող հայերը։
«Հայեր շա՜տ–շա՜տ կային, ինչը շատ ոգևորում էր։ Ու շատ շնորհակալ եմ նրանց, ամբողջ մրցաշարի ժամանակ իմ կողքին են եղել և օգնել բոլոր գոտեմարտերի ժամանակ»,– ընդգծել է չեմպիոնը։
Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ ոսկի նվաճած Արման Անդրեասյանն էլ պատմեց, որ նախկինում չի կարողացել չեմպիոնության հասնել, որովհետև թերություններ շատ է թույլ տվել։ Մարզիչների հետ արձանագրել են բոլոր թերություններն ու համապատասխան աշխատանք տարել դրանց շտկման ուղղությամբ։
«Ես շատ ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան էլ ստացել եմ։ Մինչև վերջին վայրկյանը հավատում էի, որ միավոր ստանալու եմ, ու ինձ մոտ ստացվեց։ Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար»,–ասել է մարզիկը։