26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մտավորականները կոչ են անում մասնակցել մայիսի 26-ի հանրահավաքին

Մտավորականները կոչ են անում մասնակցել մայիսի 26-ի հանրահավաքին

Արվեստի, մշակույթի մի շարք գործիչներ կոչ են անում միանալ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։

Մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը նշել է, որ մասնակցելու է մայիսի 26-ին կազմակերպված հանրահավաքին, որովհետև չի ուզում, որ իր երկիրը դառնա թուրքական վիլայեթ։ «Բաղձանքս է, որ ճշմարտության կողմը բարձրանա և տարիներ շարունակ ստով ու կեղծիքով կեղեքված մեր հայրենիքում գերակա դառնա երկնային ճշմարտությունը, լույսը ու սերը՝ յուրաքանչյուրիս համար»,- նշել է Սահակյանցը։

Երգիչ Արամոն (Արամ Գևորգյան) կմիանա Սրբազանի պայքարին՝ լեզուն ու մշակույթը չկորցնելու համար։ «Մայիսի 26-ին ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում, որովհետև չեմ ուզում կորցնել մեր մշակույթը, մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր հավատքը»,- ասել է Արամոն։

Հանրապետության հարապարակում է լինելու երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյանը, քանի որ հաշտ չէ հայրենիքի և հայորդիների կորստի հետ, մշակույթի և ինքնության ոտնահարման հետ։

«Ուզում եմ հայրենքս մեջքն ուղղի և ասի․ « Աստված, Հայք, հայրենիք և հայ»,- նշել է Աննա Մաիլյանը։

Երգիչ, երգահան ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը հանրահավաքին մասնակցելուց բացի լրացնելու է մարդահավաքի ցանկը։

«Մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, բոլորիդ հրավիրում եմ մեր հոգևոր հաղթանակին»,- նշել է Դավիթ Ամալյան։

Ոսկերիչ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ Արման Նուռը կմասնակցի հանրահավաքին, քանի որ համարում է, որ չունի հայ ազգ, որին նորից կարող են հանգեցնել Ցեղասպանության։ «Մենք չունենք Հայաստան, որը պետք է հանձնենք թշնամուն։ Մենք չունենք հայրենիք, որը պետք է տանք թշնամիներին ու դավաճաններին։ Մենք չունենք Աստված, որը պիտի ուրանանք»,- ասել է Նուռը։

Բանաստեղծ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը կարծում է, որ հայ ազգը շատ կարևոր գործ ունի այս կիրակի։ «Մեր գործերը առմիշտ կմնան կիսատ ու թերի, եթե չլինի Հայաստանը»,- նշել է բանաստեղծը։

Երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նշում է, որ մայիսի 26-ին Հանրապետության հարապարակում գտնվելով՝ ճշմարտությամբ կհաղթեն ստին։ «Եկեք բոլորս միասին տեր կանգնենք մեր ազգային և պետական իրավունքներին»,- ասել է Արսեն Գրիգորյանը։

Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, տեղի ունեցող Մեծ հանրահավքին մասնակցելու կոչ են արել նաև վավերագրող Աշոտ Գևորգյանը, լեզվագետ-գրականագետ Թորգոմ Տեր-Մկրտչյանը, կինոռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը և այլք։