27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի նախագահի մեքենան թմրանյութի գործով մեկ անգամ առգրավված եղել է ու ոչինչ չեն գտել, հիմա ի՞նչ են որոնում. փաստաբան

Արցախի նախագահի մեքենան թմրանյութի գործով մեկ անգամ առգրավված եղել է ու ոչինչ չեն գտել, հիմա ի՞նչ են որոնում. փաստաբան

Արցախի նախագահի հետ այդ թմրանյութն ընդհանրապես կապ չունի հայտարարել է Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը՝ ABCmedia-ի հետ զրույցում անդրադառնալով Քննչական կոմիտեի այն հայտարարությանը, թե նախագահի մեքենան առգրավվլ են թմրամիջոցի շրջանառման գործով։

«Թմրանյութի գործով մեքենան մեկ անգամ արդեն առգրավել էին, խուզարկել էին։ Ոչինչ չէր հայտնաբերվել ու մեքենան վերադարձրել էին։ Այս անգամվա առգրավումը թմրանյութի հետ ընդհանրապես կապ չունի»,-մեզ հետ զրույցում ասել է փաստաբանը։

Երիցյանի խոսքով՝ առգրավման որոշման մեջ նշված է, թե թմրանյութի հետ կապված գործով է մեքենան առգրավվել, սակայն ինչ նպատակով են առգրավել, իրենց համար անհասկանալի է։

«Առաջին անգամ քննությանը վերաբերող ոչինչ չեն հայտնաբերել, հիմա աբսուրդի հասնող որոշում են կայացրել՝ թմրանյութի գործով առգրավել են, որպեսզի գործին առնչվող քննություն կատարեն։ Հարց է առաջանում, եթե մեկ ամիս առաջ նույն գործողություններն իրականացնելիս հետաքրքող ոչինչ չգտաք ու վերադարձրիք մեքենան, ապա հիմա քննությանը հետաքրքրող ի՞նչ կա, որ մեկ ամիս առաջ չեք գտել»,-ասել է Ռոման Երիցյանը։

Արցախի նախագահի պաշտպանը այս գործողությունները համարում է ձևականություն՝ արցախցիների նկատմամբ ճնշումների շրջանակներում: