18 Հոտ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գեղեցկուհիներն ու մարմնամարզիկները․ Հայաստանի ներկայացուցիչները՝ օլիմպիական խաղերի մրցութային առաջին օրը

Գեղեցկուհիներն ու մարմնամարզիկները․ Հայաստանի ներկայացուցիչները՝ օլիմպիական խաղերի մրցութային առաջին օրը

Այսօր Փարիզում տեղի կուենա ամառային 33-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը, իսկ արդեն վաղը՝ հուլիսի 27-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի միանգամից 4 ներկայացուցիչ։

Մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից որակավորման փուլից պայքարի մեջ կմտնեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100 մ):

Եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլմիրա Կարապետյանը վճռորոշ մրցումը կանցկացնի հուլիսի 28-ին։ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեդալային պայքար կմղեն օգոստոսի 4-ին։

Ներկայացնենք մեր հավաքականի մրցելույթներին սկիզբ տվող մարզիկներին։

Տիտղոսակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Հայաստանի չեմպիոնական գլխավոր հույսերից է։ Արթուրը 2022 թվականի աշխարհի չեմպիոնն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Արթուրը մարմնամարզության հենացատկի մրցումներում համարվում է չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից մեկը։

Մեր մյուս մարմնամարզիկ, Վահագն Դավթյանը հանդես կգա օղակներ վարժությունում։ Վահագնը Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր է (երկու արծաթ, մեկ բրոնզ), Եվրոպական խաղերի արծաթե, աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալակիր։ Վահագնից նույնպես իրական մեդալային սպասելիքներ ունենք։

Հրաձգության մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյանն է։ Մեր հրաձիգը երկրորդ անգամ է մասնակցելու օլիմպիական խաղերին․ երկրպագուները հուսով են, որ Տոկիո 2020-ի փորձը կօգնի Էլմիրային միջամտել մեդալային, ինչու չէ նաև չեմպիոնության համար պայքարին։ Ի դեպ, Էլմիրան եղել է նաև Փարիզ 2024-ի ջահակիրներից մեկը։

Հուլիսի 27-ին պայքարի մեջ է մտնելու նաև մեր հավաքականի մյուս գեղեցկուհին․ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր ներկայացուցիչն է։ Չնայած, որ մեր լողորդուհին ընդամենը 21 տարեկան է, նա նույնպես արդեն երկրորդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին։ Հայ երկրպագուները հույս ունեն, որ օլիմպիական խաղերում հաջող ելույթը կլինի մեր երիտասարդ լողորդուհու տիտղոսներով լի կարիերայի սկիզբը։