
ԿԳՄՍՆ հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը. հեղինակը Սմբատ Հովհաննիսյանն է
«Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագրքի համահեղինակը նորից Սմբատ Հովհաննիսյանն է։ Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել են ԿԳՄՍ նախարարությունից:
Հասանելի է գրքի միայն օնլայն տարբերակը, դեռ տպագրված չէ:
8-րդ դասարանի դասագիրքը գրելու համար ԿԳՄՍ նախարարություն հայտ էին ներկայացրել Միասնական դպրոց կրթական հիմնադրամից։ Այդ հիմնադրամի անդամ է հանդիսանում նաև Սմբատ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի հետ միասին գրքի վրա աշխատել են ևս երկու հեղինակ՝ Ալլա Խառատյանն ու Զարուհի Հակոբյանը։
Նշենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունից ABC Media-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից՝ նշել էին, որ Միասնական դպրոցը հայտ է ներկայացրել գիրք գրելու համար, սակայն մերժվել է՝ չափանիշներին անհամապատասխան լինելու պատճառով։
Արդեն այսօր տեղեկացրին, որ Միասնական դպրոցը նորից է հայտ ներկայացրել, հեղինակները խմբագրել են գիրքը, որն էլ հաստատվել է կրթության հանձնաժողովի կողմից։
Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց են ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը: