21 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում համացանցի ազատության հետքերով․ Freedom House-ի տվյալների խրոնոլոգիան

ՀՀ-ում համացանցի ազատության հետքերով․ Freedom House-ի տվյալների խրոնոլոգիան

Freedom House միջազգային կազմակերպությունը տարիներ շարունակ ամենամյա կարգով հրապարակում է «Համացանցի ազատություն» խորագրով զեկույցը: Երկրները զեկույցում ի սկզբանե  դասակարգվել են 0-ից (ազատ) մինչև 100-միավորանոց (ոչ ազատ) սանդղակով: Ըստ այդմ՝ 0-30 միավոր ստացած երկրներն «ազատ» են համարվել, 31-60 միավորը՝ «մասամբ ազատ» և 61-100 միավորը՝ «ոչ ազատ»:

Այդ միավորները գոյանում են երեք գործոնների ընդհանուր արդյունքով։ Դրանք են տվյալ երկրում ինտերնետի մատչելիությունը,  բովանդակության սահմանափակումը և օգտատիրոջ իրավունքների ոտնահարումը: Դիտարկելով 2014-2023 թթ (2024-ի վերաբերյալ տվյալները դեռ չեն թարմացվել)  ընկած ժամանակահատվածը՝  կարելի է փաստել, որ Հայաստանը հիմնականում դասվել է «ազատ» երկրների շարքին: Այսպես՝ 2014 և 2015 թվականներին երկիրը 28 միավոր է հավաքել համացանցի ազատության սանդղակում և համարվել «ազատ»:  2016-ին Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավել համացանցի ազատության մակարդակով: Այն զգալի առաջ է եղել նաև Ադրբեջանից, Թուրքիայից և Իրանից: Տվյալ տարում Եվրասիայի տարածքում ազատ համացանց ունեցող երկրները եղել են Հայաստանը և Վրաստանը, որտեղ չեն եղել համացանցում քննարկման համար արգելված հասարակական և քաղաքական թեմաներ: Այդուամենայնիվ, 2017 թվականին  2016-ի համեմատ նահանջ է արձանագրվել․ Հայաստանը բնութագրվել է որպես «մասամբ ազատ»։ 2016-ին ՀՀ-ն ունեցել է 30 միավոր, իսկ 2017-ին՝ 32։ Նահանջը մեծապես պայմնավորված է եղել 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Facebook-ի արգելափակմամբ և լրագրողներին թիրախավորելու դեպքերով։

 2018-ին Հայաստանը կրկին բարելավել է իր դիրքերը՝ դառնալով համացանցի առումով «ազատ» երկիր։ Այդ տարի քաղաքացիները լայնորեն օգտագործել են սոցիալական ցանցերը, հեռահաղորդակցման հավելվածներն ու ուղիղ եթերները՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար:

2019 թվականից ի վեր միավորների համակարգը փոխվել է՝ միջազգային կազմակերպության հիմնական զեկույցին՝ «Freedom in the World»-ին, համապատասխան լինելու համար. 100-ից 70 միավորով երկրներն «ազատ» են, 69-ից 40-ովը՝ «մասամբ ազատները» և  39-ից 0 ստացածները համարվում են «ոչ ազատ երկրներ»: 2019-ին Հայաստանը կրկին «ազատ» է եղել՝ ունենալով, ընդհանուր առմամբ, 76 միավոր։

2020 -ին երկիրը մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը՝ հավաքելով 75 միավոր։ Իսկ 2021-ին Հայաստանն ունեցել է 71 միավոր՝ նախորդ տարվա համեմատությամբ դիրքերը զիջելով 4 միավորով։ Ընդգծվել է, որ երկրում համացանցի ազատությունը զգալիորեն նվազել է՝ ԼՂ-ում հակամարտության ընթացքում կառավարության կողմից ընդունված տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների արդյունքում:  Օգտատերերն, ըստ տեղեկությունների, խնդիրներ են ունեցել TikTok մուտք գործելիս։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, ինչը սահմանափակել է ԶԼՄ-ների՝ հակամարտությունը լուսաբանելու հնարավորությունը։ Դա հնարավորություն է ընձեռել կառավարությանը պահանջներ ներկայացնել բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ, և իշխանությունները տուգանքներ են սահմանել մի շարք լրատվամիջոցների և անհատների նկատմամբ:  Արցախում զինված հակամարտության ողջ ընթացքում հայկական լրատվական կայքերը ենթարկվել են կիբերհարձակումների, այդ թվում՝  Ադրբեջանից։ 2020 թվականի սեպտեմբերին կառավարությունը դադարեցրել է օգտատերերի մետատվյալների և աշխարհագրական տվյալների հավաքագրումը հեռահաղորդակցության ընկերություններից։ Տվյալների հավաքագրումը եղել է կոնտակտների հետագծման ծրագրի մի մասը՝ որպես COVID-19-ի տարածումը կասեցնելու միջոց:

2022-ին ՀՀ-ն 74 միավոր է ունեցել։ 2021 թվականի հուլիսին կառավարությունը քրեականացրել է «ծանր վիրավորանքները» և մինչև 2022 թվականի ապրիլը նոր միջոցի համաձայն՝ հարուցել առնվազն 802 գործ։ Քաղաքացիական հասարակության և միջազգային խմբերի կողմից զգալի քննադատություն ստանալուց հետո կառավարությունը հայտարարել է, որ այդ միջոցը չի ներառվի նոր քրեական օրենսգրքում՝ լուսաբանման ժամկետից հետո։

2021 թվականի դեկտեմբերին Citizen Lab-ը՝ Տորոնտոյի համալսարանի գիտահետազոտական կենտրոնը, հայտնել է, որ Հայաստանից հաճախորդները օգտագործել են Predator լրտեսող ծրագրերի գործիքը, որը մշակվել է իսրայելական Cytrox ընկերության կողմից։

2023-ին, ՀՀ-ն, թեև կրկին «ազատ» էր, սակայն 2 միավորով զիջել է դիրքերը՝ հավաքելով 72-ը։ Թեև առցանց միջավայրը Հայաստանում եղել է բաց, տվյալ ժամանակահատվածում համացանցի ազատությունը փոքր-ինչ վատթարացել է՝ առաջին հերթին 2022 թվականի երկրորդ կեսին Հայաստանի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժումների շուրջ տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների, ինչպես նաև կիբերհարձակումների թվի աճի պատճառով: