20 Սեպ
2024
18.3° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեսանելի ապագայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության ռիսկերը կշարունակվեն պահպանվել․ S&P

Տեսանելի ապագայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության ռիսկերը կշարունակվեն պահպանվել․ S&P

S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կնվազի մինչև 6,2%՝ 2022-2023 թվականների միջին տարեկան 11%-ից: Գործակալությունը վերահաստատել է ՀՀ-ի «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները։  Փախստականների, ենթակառուցվածքների և առողջապահական խնամքի վրա ծախսերի ավելացումը սրում է հարկաբյուջետային ճնշումը: Չնայած այս մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսական հեռանկարը մնում է կայուն՝ օժանդակված արտադրողական կարողությունների աճով, որը պայմանավորված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հատված կապիտալի և աշխատուժի զգալի ներհոսքով։ 

«Մենք ակնկալում ենք, որ անվտանգությանն առնչվող և աշխարհաքաղաքական ռիսկերը կպահպանվեն Ադրբեջանի հետ չլուծված լարվածության, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, ինչը կարող է խաթարել երկու երկրների միջև զգալի տնտեսական կապերը», – կարծում են վերլուծաբանները։

Ինչպես նշվել է, Հայաստանը նավարկում է դժվարին տնտեսական և քաղաքական դաշտում։ Հիմնական հարցերը կապված են Ադրբեջանի հետ մշտական լարվածության, սահմանազատման, առաջարկվող տարանցիկ միջանցքի և Հայաստանում հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ: Երկիրը վերագնահատում է անվտանգության իր դաշինքները, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, և դիտարկում է ավելի խորը կապերն Արևմուտքի հետ։ 

S&P-ի վերլուծաբանների խոսքով՝ ԼՂ-ն Ադրբեջանին հանձնվելուց ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ են վարում։ Այս բանակցությունների շրջանակներում Հայաստանը մայիսին Ադրբեջանին է հանձնել չորս սահմանամերձ գյուղեր՝ որպես սահմանազատման ջանքերին ուղղված քայլ: Վերջինս հանգեցրել է զգալի բողոքի ցույցերի Հայաստանում, որտեղ ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը: Չնայած այս ներքին լարվածությանն՝ Ադրբեջանի իշխանությունները նշել են, որ խաղաղ պայմանագրի նախագծի 90%-ը համաձայնեցված է։ Այնուամենայնիվ, առանցքային խնդիրները մնում են չլուծված: Ընթացքի մեջ են նաև այլ նախաձեռնություններ, ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ տեսանելի ապագայում երկու երկրների միջև անվտանգության ռիսկերը կշարունակվեն պահպանվել, մասնավորապես, երբ ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս անվանել են հայկական տարածքի մի մասն Արևմտյան Ադրբեջան», – կանխատեսում են վերլուծաբանները:

Տարածաշրջանային անվտանգության դինամիկան էլ ավելի է բարդացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը, որն առաջին հերթին պայմանավորված է 2023 թվականի ԼՂ հակամարտության ժամանակ միջամտելու Ռուսաստանի դժկամությամբ: Այժմ Հայաստանը վերագնահատում է իր անվտանգության ռազմավարությունը։

«Մեր գնահատմամբ՝ այս զարգացումները նպաստում են Հայաստանի աշխարհաքաղաքական անորոշության բարձրացմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանից նրա զգալի տնտեսական և էներգետիկ կախվածությունը։ 2023 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանման մոտավորապես 40%-ն ուղղվել է Ռուսաստան, իսկ ներմուծման մոտ 31,5%-ը հենց այնտեղից է։ Ավելին, տրանսֆերտների գրեթե 70%-ը ստացվել է Ռուսաստանից, ինչը մատնանշում է երկու ժողովուրդների միջև լայնածավալ ֆինանսական կապերը։ Այս կախվածությունն ակնհայտ է նաև էներգետիկ ոլորտում, քանի որ Ռուսաստանը խողովակաշարերով մատակարարվում է Հայաստանի բնական գազի գրեթե 90%-ը, ինչը 2022 թվականին կազմել է երկրի էներգիայի ընդհանուր կարիքների 60%-ը: Նման կախվածությունը Ռուսաստանից կարևոր տնտեսական և էներգետիկ ռեսուրսների համար ընդգծում է այն խոցելի կետերը, որոնց բախվում է Հայաստանը փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի ֆոնին», – գրել է S&P-ն: