Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ․ Սարոյանի ծննդյան օրն է
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։
1911 թվականին մահացավ գաղթական Արմենակ Սարոյանը, ու նրա կինը՝ Թագուհի Սարոյանը, ստիպված եղավ իր չորս մանկահասակ երեխաներին մանկատուն տանել։ Նրանց մեջ էր 3-ամյա Վիլյամ Սարոյանը, ում կյանքում հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ հետք թողեցին։
«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել։ Մայրս նախատեց ինձ՝ ասելով՝ դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս։ Ես դադարեցի լաց լինել»,-պատմել է Սարոյանը։
Տասը տարի անց Վիլյամը քույրերի և եղբոր հետ վերադարձավ տուն՝ մոր մոտ։
14 տարեկան էր, երբ մայրը նրան փոխանցեց հոր անձնական թղթերը, և տղան առաջին անգամ ծանոթացավ հոր հետ,որի մասին գրեթե ոչինչ չէր հիշում։ Հայրը բանաստեղծ էր, ինչպես հետագայում Վիլյամն էր հիշում, գրում էր «հին հայրենիքի» լեզվով։
«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ։ Մերոնք՝ բիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էր՝ կարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր. «Դու այդ հիմարությունը թող»։ Բայց ես չէի լսում…»,-պատմել է մեծ գրողը։
1933 թվական․ Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթ։ Հրապարակվեց Սարոյանի առաջին ստեղծագործությունը՝ Սիրակ Գորյան կեղծանունով։ Գրող դառնալն արդեն իրականություն էր, հետո՞ ինչ, որ ոչ իր անուն–ազգանունով։
Մեկնարկը տրված էր, շարունակությունը՝ սպասված։ Եվ չուշացավ առաջին գիրքը՝ 1934թ․, «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»։
Սարոյանն իր աշխատած առաջին գումարով առաջին անգամ մեկնեց Հայաստան։ Հետագայում նրան պիտի հարցնեին՝ ինչո՞ւ առաջին վաստակած գումարը ծախսեց այդ նպատակով։ Պատասխանը հետևյալն էր.
«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»։
Պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր էին, հայերն ու հայկականը՝ օտար միջավայրում։ Այնպես, ինչպես ինքը…
«Ես ծագումով հայ եմ, ամերիկացի՝ միջավայրով», — ասել էր նա։
Իր հայրենիքին ու արմատներին կառչած էր մեծանուն հայը։ Իր սիրտը լեռներում էր և մինչև վերջ էլ մնաց այնտեղ։
Հայրենիք հերթական այցի ժամանակ Սարոյանը որոշում է Սևանից մի մեծ քար տանել Ֆրեզնո։ Հարցին, թե ինչո՞ւ է քարը տանում Ֆրեզնո, Սարոյանը պատասխանում է՝ ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը։