Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ում «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։ Անդրադարձ է կատարվում ինչպես որոշ տերիմինների (օրինակ՝ լրագրող, մեդիա գործունեություն) բացատրություններում, այնպես էլ որոշ հոդվածներում (օրինակ՝ 2, 3, 4,6) փոփոխություններ և հաստակեցումներ կատարելու անհրաժեշտությանը։ Ինչպես նշվել է, մամուլի դերը ժողովրդավարական հասարակության մեջ կենսական նշանակություն ունի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ մամուլը և այլ լրատվամիջոցները հատուկ տեղ ունեն ժողովրդավարական հասարակության մեջ։ Այսպիսով՝ ժամանակակից ժողովրդավարական երկրներում լրատվամիջոցներն իրականացնում են հիմնարար քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային գործառույթներ։ Դրանք լուսաբանում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր և կենտրոնական դեր ունեն հասարակական կարծիքի ձևավորման գործում: Լրատվամիջոցները չափազանց կարևոր դեր են խաղում մարդու իրավունքների պաշտպանության գործում. Նրանք բացահայտում են մարդու իրավունքների խախտումները:
ԶԼՄ-ների ինքնակարգավորումը սոցիալական պատասխանատվության բաղադրիչ է, որը կօգնի լրատվամիջոցներին լինել անկախ և զերծ պետության և սեփականատերերի վերահսկողությունից, լինել ոչ միայն շահույթ հետապնդող կառույցներ, այլ կրել որոշակի պատասխանատվություն հասարակության առջև՝ հաշվի առնելով հանրության տարբեր խմբերի տեղեկատվական կարիքներն ու պահանջները։ Սոցիալական պատասխանատվության մոդելը ենթադրում է, որ ԶԼՄ-ները պատրաստ են արձագանքել սպառողների բողոքներին և առաջարկներին իրենց տարածած բովանդակության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության միջոցների իրականացման հետ կապված հարաբերությունները, սակայն այն չի անդրադառնում ԶԼՄ-ների ինքնակարգավորմանը։ Ուստի Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները ներդրվել և գործում են բացառապես քաղաքացիական հասարակության կարգավիճակում։ Երևանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ՝ ստեղծվել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, որը ստորագրել են Հայաստանում գործող 76 լրատվամիջոցներ, նախաձեռնությանը սատարում են 8 լրագրողական հասարակական կազմակերպություններ։ Փաստաթուղթը ստորագրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընդունում են, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմինն իրավասու է ուսումնասիրելու իրենց գործողությունների և հրապարակումների համապատասխանությունը օրենսգրքի դրույթներին, և պատրաստ են ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական կենտրոնի որոշումները հրապարակել իրենց լրատվամիջոցներում: Սակայն ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմնի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքում հասարակությունը հազվադեպ է հակված դիմել դրան։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ԶԼՄ-ների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրքը ստորագրած լրատվամիջոցների ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում լրատվամիջոցների զգալի թվով ներկայացուցիչներ, ներառյալ՝ մեդիա դաշտի խոշոր խաղացողները, ինքնակարգավորման համակարգի անդամ չեն։ Թեև 2022 թվականի սկզբից զգալիորեն աճել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմնին ուղղված բողոքների թիվը, այնուամենայնիվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հասարակությունը 4,5 անգամ ավելի հավանական է, որ դատարան դիմի ԶԼՄ-ների կողմից հնարավոր խախտումների հիմքով, քան՝ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնին։
Հայաստանում օմբուդսմենի ներքին ինստիտուտի ներդրման որոշակի փորձ կա նաև առանձին լրատվամիջոցներում, սակայն այս նախաձեռնությունները ժամանակավոր էին։ Վերոնշյալը վկայում է, որ թեև հայկական լրատվամիջոցները կարողացել են ինքնուրույն զարգացնել ինքնակարգավորման որոշակի համակարգ, սակայն այս համակարգի ինստիտուցիոնալացմանը և արդյունավետության բարձրացմանը պետք է նպաստել՝ դրանում ընդգրկելով լրատվական դաշտի հիմնական հատվածը, ինչպես նաև իրավական կարգավորումով ճանաչել զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգը և բարձրացնել այս համակարգի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը։ Բացի այդ, հարկ է նշել, որ «Զանգվածային լրատվության միջոցներ» հասկացությունը լայն հանրության կողմից սկսել է ընկալվել և կիրառվել դրա իրական էությունից շեղվող ձևով, ինչը հանգեցրել է տարաձայնությունների, թյուրիմացությունների և սրել անարդարության խնդիրները, օրինակ՝ տեղեկատվության տարածում, որը չի համապատասխանում լրագրողական էթիկայի նորմերին, ներառյալ ապատեղեկատվությանն առնչվող հարցերը։ Ուստի անհրաժեշտ է տարբերել զանգվածային լրատվության միջոցները հանրության իրազեկման այլ միջոցներից, որպեսզի լայն հանրության համար պարզ լինի, թե որ կայքերը կամ տեղեկատվություն տարածող կազմակերպություններն են պահպանում լրագրողական էթիկայի կանոնները և ունեն օրինական ճանաչված ինքնակարգավորվող մարմիններ։ Այսինքն՝ հարկավոր է հստակեցնել՝ ի՞նչ է «Զանգվածային լրատվության միջոցները», իրավական սահմանմաններում:
Թեև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում սահմանվում է «Զանգվածային լրատվության միջոցներ» հասկացությունը, այն բազմիցս արժանացել է քննադատության։ Հասկացության սահմանումը համահունչ չէ եվրոպական փորձագիտական հանրությունում ի հայտ եկած նոր մոտեցումներին ու սկզբունքներին և վերանայման կարիք ունի։