
Այրվող եռագույնով «Մայրենիի» դասագիրք․ ինչպե՞ս է նկարը հայտնվել շապիկին
Համացանցում ակտիվ տարածվում է «Մայրենի 3-րդ» դասարանի դասագրքի շապիկի նկարը, որտեղ եռագույնը կրակների մեջ է պատկերված ու տպավորություն է, թե այն այրվում է։
Դասագրքի հեղինակներից Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Հեղինակն իր և մյուս հեղիննակների անունից պնդում է, որ իրենք կապ չունեն դասագրքի շապիկի այդ նկարի հետ։ Տպարան ուղարկված տարբերակն այլ է եղել։
«Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ: Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը բացարձակապես կապ չունեն իրար հետ»,-գրել է Սարգսյանը։
ԿԳՄՍ նախարարությունից ևս նշում են, որ դասագրքի էլեկտրոնային տարբերակում, որն ի դեպ հրապարակված է, այրվող դրոշով նկար չկա։
«Անտարես հոլդինգը», որտեղ տպագրվել է դասագիրքը, տեսաձայնագրություն է հրապարակել, որտեղ նշվում է, որ տեղի ունեցածում դիտավորություն չկա․ տեղի է ունեցել տպագրական սխալ, որը հաճախ է տեղի ունենում տպագրության ոլորոտում։