Լիբանանի հայաբնակ Այնճարն ընդունել է 120 գաղթական ընտանիքի․ ABCmedia-ն զրուցել է քաղաքապետ Վարդգես Խոշյանի հետ
Լիբանանի շուրջ մեկ շաբաթ ռմբակոծվող բնակավայրերից 120 ընտանիք գաղթել է հայաբնակ Այնճար։ ABC media–ի հետ զրույցում Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանն ասել է, որ քաղաքապետարանը նրանց խնդիրները կարգավորելու նախաձեռնություն ունեն։
«Մենք, որպես առաջին հավանական հանգրվան, սպասում էինք լիբանանցի գաղթականներին։ Նրանց վիճակը սարսափահար ու ողբերգալի է․ ունեն կորուստներ՝ մարդկային ու նյութական։ Ամեն ընտանիք յուրովի խնդիր ունի։ Հիմնականում դպրոցներում ենք տեղավորել։ Գաղթականների շրջանում կան մարդիկ, որոնք ընդունակ են ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները․ վարձակալել են հյուրանոցներ, տներ, բայց նրանք շատ փոքր մաս են կազմում»,- ասել է Խոշյանը։
Ըստ քաղաքապետի՝ բավականին դժվար է առողջապահական խնդիրները լուծելը։
«Ունենք շրջիկ աշխատողներ, նրանք մոտենում են այն ընտանիքներին, որոնք գանգատվում են։ Ջերմաչափում են, դեղեր տալիս»,- ասել է Այնճարի քաղաքապետը։
Այնճարում գաղթականների ընդունելիս անընդհատ հիշել ենք մեկ տարի ու մեկ ամիս առաջ Արցախում տեղի ունեցած գաղթը․ ասում է Խոշյանը։ Ռմբակոծվող տարածքներից մեզ մոտ եկածներին սրտացավորեն դիմավորել են՝ սեփական օրինակն աչքի առաջ ունենալով։
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում տեղահան լինել, դրա համար բավականին սրտացավ մոտեցում ենք ցուցաբերում։ Մենք նրանց տեղավորել ենք դպրոցներում, բայց գիտենք՝ չունեն կենցաղային պայմաններ՝ հաց պատրաստելու, հիգիենա ապահովելու։ Մենք փորձում ենք իրավիճակը կարգավորել»,- մեզ հետ զրույցում ասել է Խոշյանը։
Նա անդրադարձել է նաև հայ համայնքին, նշել՝ այս պահին բավականին ապահով են, իսրայելական հարվածներից տուժածներ չկան։