22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԳՄՍ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ ԱԱԾ գործողությունները

ԿԳՄՍ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ ԱԱԾ գործողությունները

ԿԳՄՍ նախարարությունն է հանդես եկել հայտարարությամբ կապված Երևանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետ։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ դրանց կատարման ընթացքում երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները»,-հայտարարել է նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

«Հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,-ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։