21 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանցագործությունները վերջին 6 տարում ավելացել են․ վիճակագրություն

Հանցագործությունները վերջին 6 տարում ավելացել են․ վիճակագրություն

Հանցագործություններ՝ օրը ցերեկով, վենդետայի դեպքեր, խուլիգանություն ու սպանություններ. Հայաստանում վերջին շրջանում հանցագործությունների մասին հաճախ ենք լսում։

Նման դեպքերից մեկը տարվա սկզբին հենց Երևանի կենտրոնում էր գրանցվել․ վեճի, դաժան ծեծի հետևանքով մահացել էր երիտասարդ մարկետոլոգ Յուրի Մինասյանը։ ABC media-ի հետ զրույցում նրա հարազատներից մեկը, անունը չհրապարակելու պայմանով պատնեց՝ կռիվը հանդարտացնելու, կռվողներին բաժանելու փորձն էր Յուրիի համար ճակատագրական դարձել։

«Գլխի ահավոր վնասվածքներ է ստացել, շատ վատ վիճակում էր։ Բժիշկն էլ ասում է՝ ձեռքի հարվածից չի կարող նման կերպ վնասվել․ գանգոսկրը ամբողջությամբ վնասված, կոտրված էր՝ այտոսկրերից սկսված։ Վնասված էին նաև ականջները, քիմքը։ Մարմնին վնասվածքներ չեն եղել»,- ասել է նա։

Հաշված օրեր առաջ էլ՝ հունիսի 12-ին, Երևանի բակերից մեկում կրակոցներ էին հնչել, որից հետո ոստիկանությունը հայտնել է՝ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանության մասին։

Մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել մարտի 12-ին․ այս անգամ վիճաբանության զոհն ուսանող էր։ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակով ու փայտերով հարվածներ են հասցրել 17-ամյա պատանուն։

Վերհիշենք նաև տեխնիկական խանութում կնոջ սպանության դեպքը։ Զինված տղամարդը փողոցում հանգիստ քայլել էր, մտել խանութ, սպանել նախկին կնոջ քրոջն ու ինքնասպան եղել։

Հանցագործությունների թիվը վերջին 6 տարիներին աճել է։ Վիճակագրությունն այսպիսին է։

Հանցագործությունները վերջին 6 տարում ավելացել են․ վիճակագրություն

Հանցագործությունների թվի փոքր ինչ նվազում է դիտարկվել 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2023-ի նշված ամիսներին գրանցվել էր հանցագործության 13 121 դեպք, այս տարի՝ 12 567։

Այդ ժամանակահատվածում ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Կաշառք ստանալու, տալու կամ միջնորդ լինելու դեպքերի թիվն օրինակ՝ 75-ից հասել է 133-ի։

Հանցագործությունների թիվ աճ է գրանցվել  Տավուշում, Արմավիրում, Սյունիքում, Վայոց ձորում, Կոտայքում։

 

Անի Աբաղյան