
Սյունիքում անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց
Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց, ըստ Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3, Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5․ գրում է «Սյունյաց երկիր» թերթը։
Արդեն նշվեց, որ Մեղրիում ևս կան դպրոցներ, որ միավորվելու են, կամ ընդհանրապես փակվել են։ 2025-ի հուլիսին կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Ծրագիրը «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» է հորջորջվում, բայց այդ հնչեղ ձևակերպման մեջ կրթական համակարգը խարխլելու իրողություններ կան։
Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Այժմ Կարճևանի դպրոցը, ինչպես փոխանցեց կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը, վթարային վիճակում է, հինգ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են գյուղի բուժկետում։ Կարճևանն Ագարակից հեռու է չորս կիլոմետր, այս առումով տնօրենը նշեց, որ աշակերտներին տեղափոխելու նպատակով փոխադրամիջոց պիտի հատկացնեն։
Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որ այժմ 39 աշակերտ ունի: Վերջիններիս ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչո՞ւ պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանիձորի դպրոցի հետ, և դիմում են տարբեր ատյաններ՝ այդ կործանարար քայլը կանխելու համար: Բայց ո՞վ է լսողը…
Երբ թերթում ես միավորվող դպրոցների պատմությունը, տխուր իրողության ես առնչվում։ Գյուղական դպրոցում, որտեղ ժամանակին հաճախում էր մինչև 100 աշակերտ, այժմ սովորում է 7-8-9, ասել է թե՝ միանիշ թվով աշակերտ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ դպրոցներում ավելի շատ մանկավարժներ կան, քան աշակերտ։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի միջնակարգ դպրոցը մեկ աշակերտ ունի, մինչդեռ 1970-1980-ական թվականներին աշակերտների թիվը հասնում էր 200-ի, որոշ տարիների դպրոցը գործել է երկհերթ։
Տպավորություն է, որ հայրենի կառավարությունը մոռացության է մատնել գյուղը։ Անչափ տխուր է, երբ դռներն է փակում փառավոր պատմություն ունեցող դպրոցը։ Խոսքը Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղի դպրոցի մասին է, որ տարիներ առաջ լուծարվել է, այժմ քանդուքարափ վիճակում է, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, պատմական արժեք ունեցող այդ շենքը կվերածվի ավերակների։ Դպրոցը հիմնադրվել է Բաքվի հայտնի նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի տրամադրած նյութական միջոցներով, դպրոցական առաջին զանգը հնչել է 1902 թվականին, դպրոցի նավակատիքը շնորհավորել է այն ժամանակներում մեծ համարում ունեցող «Մշակ» թերթը։ Ժամանակին Շրվենանցի դպրոց սովորելու էին գալիս ոչ միայն մոտակա, այլև հեռավոր՝ Սևաքար, Զեյվա, Վաչագան, Խդրանց, Բեխ, անգամ Գորիսի տարածաշրջանի առանձին գյուղերի ուսումնատենչ մանուկներ: Դպրոցը տվել է անվանի շրջանավարտներ, որոնց միայն թվարկումն ահագին տեղ ու ժամանակ կխլի: Եվ ահա այդ հայտնի կրթօջախի ուսումնական շենքը թողնել բախտի քմահաճույքին, պարզապես աններելի է:
Նույն կերպ համբավավոր Լեռնաձորի դպրոցը պիտի միանա Ձագեձորի միջնակարգ դպրոցին: Այստեղ ևս տարակուսած են, քանզի կրթօջախը 78 աշակերտ ունի: Այս կրթօջախը նախորդ տարի նշել է հիմնադրման 100-ամյակը: Բացի այդ՝ մեծն մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանը՝ նույն ինքը Էջանանցին, այդ դպրոցում գիտելիքների ավանդման լավագույն, եթե չասենք օրինակելի ավանդույթներ է արմատավորել, և սրբապղծություն կլինի դրանք զրոյացնել: Կրթօջախի համբավը տարածվել էր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, Ռոբերտ Էջանանցու շնորհիվ ստեղծվել էր երկրագիտական թանգարան, լուրջ աշխատանքներ էին տարվում բանահյուսական նշխարները մոռացությունից փրկելու համար։ Դպրոցն ունի նաև հիշատակներ, դպրոցի պուրակում տեղադրված է գրքի հուշակոթող:
Բացի այդ, ժամանակակիցներն այն կարծիքն են հայտնում, որ եթե չլիներ Լեռնաձորի դպրոցը, գյուղը կարժանանար մերձակա մի քանի գյուղի (Կաթնառատ, Փուխրուտ և այլն) ճակատագրին, ասել է թե՝ կդատարկվեր՝ հանգչող փեթակի հանգույն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


