
Բիթքոինի գինը նոր ռեկորդ է սահմանել
Բիթքոինի արժեքը աճել է՝ գրանցելով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է ինստիտուցիոնալ ներդրողների պահանջարկով և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կրիպտոարժույթների նկատմամբ բարեկամական քաղաքականությամբ․ գրում է Reuters գործակալությունը։
Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը ուրբաթ ասիական սեսիայում (վերաբերում է այն առևտրային ժամերին, երբ Ասիայի ֆինանսական շուկաները բաց են առևտրի համար-խմբ.) բարձրացել է մինչև $116,781.10-ի՝ տարվա ընթացքում իր աճը հասցնելով ավելի քան 24%-ի։
Նշենք, որ մարտին Թրամփը ստորագրել է կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու մասին գործադիր հրաման: Նա նաև տարբեր պաշտոնների է նշանակել անձանց, ովքեր դրական վերաբերմունք ունեն կրիպտոարժույթի նկատմամբ, այդ թվում՝ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ Փոլ Ատկինսին և Սպիտակ տան արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթի ցար Դեյվիդ Սաքսին:
Նշվում է, որ Թրամփի ընտանեկան բիզնեսները նույնպես ներխուժել են կրիպտոարժույթի ոլորտ։ Երեքշաբթի ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Trump Media & Technology Group-ը ցանկանում է ստեղծել ֆոնդ՝ մի քանի կրիպտո տոկեններում, այդ թվում՝ Bitcoin-ում, ներդրումներ կատարելու համար։